07 Օգս
2026
35° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սահմանն ապօրինի հատած 1000-ից ավելի միգրանտ երեխա մնում ու գիշերում է իսպանական Սեուտայի փողոցներում․ նրանց հեշտ չէ հետ ուղարկելը

Սահմանն ապօրինի հատած 1000-ից ավելի միգրանտ երեխա մնում ու գիշերում է իսպանական Սեուտայի փողոցներում․ նրանց հեշտ չէ հետ ուղարկելը

Իսպանիային պատկանող Սեուտա անկլավում մնում է առնվազն 1100 երեխա ու դեռահաս, որոնք անօրինական կերպով ժամանել են վերջին միգրացիոն ճգնաժամից առաջ կամ դրա ընթացքում․  գրում է meduza.io-ն՝ քաղաքային պաշտոնյաներին հղումով։

Մարդասիրական կազմակերպություններից մեկի ներկայացուցչի խոսքով՝ իշխանություններն ու ոստիկանությունը ներկայում գրանցում են մինչև 15 տարեկան անչափահասներին, սակայն քաղաքում կարող են լինել հազարավոր դեռահասներ, որոնց ինքնությունը պետք է պարզվի։

Սեուտա ժամանած դեռահասներից շատերը ստիպված են քնել փողոցներում, քանի որ քաղաքը գերբնակեցված է. այն սովորաբար նախատեսված է մոտ 600 չափահաս միգրանտի և ընդամենը 29 երեխայի համար։

Սեուտայի բնակիչ Համզա Սիտունի Մորենոն Reuters-ին ասել է, որ ինքը քաղաք ներթափանցած երեխաներին տարել է իշխանությունների մոտ, բայց նրանք չեն կարողացել ընդունել նրանց, ուստի՝ Մորենոն ինքն է նրանց համար ժամանակավոր կացարաններ կառուցել՝ նրանց ապահովելով վերմակներով և սնունդով։ Մի աղջիկ քնել է նրա մեքենայում։

17-ամյա մի աղջիկ, որը լողալով հասել է Սեուտա, Associated Press-ին հայտնել է, որ իր 8-ամյա եղբայրը խեղդվել է, և ինքը հիմա ստիպված է մուրացկանություն անել քաղաքի փողոցներում։ Օգոստոսի 3-ին Associated Press-ի թղթակիցը նկատել է, թե ինչպես են իսպանացի զինվորները փորձում Սեուտա անօրինական ճանապարհով ժամանած մի տղայի վերադարձնել Մարոկկո:

«Նա լաց էր լինում և աղաչում, որ իրեն չվերադարձնեն Մարոկկո», – հաղորդել է գործակալությունը: Ի վերջո, տեղի բնակիչների ճնշման տակ և լրագրողների ներկայությամբ իսպանական բանակի փոխգնդապետը կասեցրել է տղայի արտաքսումը։

Իսպանական օրենսդրության համաձայն՝ անչափահաս միգրանտներին պարզապես հետ ուղարկել հնարավոր չէ: Նախ՝ պետք է պարզվի երեխայի անունը և տարիքը, պետք է գտնվի նրա ընտանիքը և պարզվի, թե արդյոք նրանց համար անվտա՞նգ է վերադառնալը: Այս ստուգման գործընթացում (որը կարող է տևել ամիսներ) երեխաները պետք է հեռացվեն գերբնակեցված Սեուտայից և բաշխվեն Իսպանիայի այլ շրջաններում, որտեղ նրանց մասին հոգ կտանեն տեղի սոցիալական ծառայությունները։


Սեուտայի իշխանություններն արդեն կոչ են արել «միջտարածքային համերաշխության», սակայն մայրցամաքային Իսպանիայում բոլորը չէ, որ պատրաստ են ընդունել անչափահաս միգրանտներին: Իսպանիայի 17 ինքնավար համայնքներից 4-ում տարածաշրջանային կառավարությունները ձևավորվում են աջակենտրոն «Ժողովրդական կուսակցության» (ԺԿ) և ծայրահեղ աջակողմյան «Ձայն» կուսակցության կողմից, որոնց կոալիցիոն համաձայնագրերը բացահայտորեն հայտարարում են Իսպանիայի սահմանն անօրինական ճանապարհով հատած երեխաների ընդունման դեմ:

«Ձայն»-ի առաջնորդ Սանտյագո Աբասկալը հայտարարել է, որ իսպանացի հարկատուների գումարներից ոչ մի եվրո չպետք է ծախսվի Սեուտայից անչափահաս միգրանտների ընդունման համար։ Իսաբել Դիաս Այուսոն՝ «Ժողովրդական կուսակցության» անդամ և Մադրիդի ինքնավար համայնքի ղեկավարը, ակնարկել է, որ Սեուտա մուտք գործած երեխաները պետք է ընդունվեն Մարոկկոյի կողմից. «Ես չեմ կարող պատկերացնել, որ Իսպանիան իր երեխաներին կթողնի արտասահմանում բախտի քմահաճույքին»:

Ընդհանուր առմամբ՝ Իսպանիայի իշխանությունները սկզբում Սեուտա ժամանած մարդկանց թիվը գնահատել էին 50․000, բայց այս գնահատականը հետագայում հասել է 72․000-ի: Քաղաքում, որի բնակչությունը 85․000 է, սրճարաններն ու խանութները փակվել են: Միգրանտները տեղ չունեին քնելու և ուտելու: Շուտով նրանց մեծ մասը վերադարձել է Մարոկկո: Իսպանիայի կառավարության տվյալներով՝ քաղաքում մնացել է մոտ 2000 օտարերկրացի, մինչդեռ Սեուտայի իշխանությունները գնահատում են 3000-5000։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026