
Վենսը կոչ է արել ամերիկացիներին չքվեարկել «մի խումբ խելագար» դեմոկրատների օգտին
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կոչ է արել համաքաղաքացիներին նոյեմբերի միջանկյալ ընտրություններում քվեարկել հանրապետականների օգտին, այլ ոչ թե «մի խումբ խելագարների»։ Այս մասին նա հայտարարել է Դալլասում Հանրապետական կուսակցության ազգային համագումարում ելույթ ունենալիս, որը տեղի է ունենում նոյեմբերի միջանկյալ ընտրություններից առաջ։
«Մի՛ հանձնեք այս երկիրը մի խումբ խելագարների, այն պատճառով, որ գուցե համաձայն չեք մեր որոշ քաղաքական որոշումների հետ։ Ես չեմ խնդրում ձեզ համաձայնել ինձ հետ ամեն հարցում, չեմ խնդրում ձեզ համաձայնել վարչակազմի յուրաքանչյուր քայլի հետ։ Բայց ես խնդրում եմ ձեզ զգալ հանրապետականների և արմատականների միջև առկա տարբերությունը, ընդունել վերջին 18 ամսվա ընթացքում մեր նվաճումները։ Մենք շատ բանի ենք հասել, և կարող ենք նույնիսկ ավելին անել, եթե միասին պայքարենք», – նշել է նա։
Փոխնախագահը հիշեցրել է, որ իր ընկերը և դաշնակիցը՝ պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքը, որը սպանվել է 2025 թվականի սեպտեմբերին, դեմ է եղել բոլոր պատերազմներին։ Այդպիսով, Վենսը փաստացի ընդունել է, որ Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունը պառակտել է հանրապետականների ճամբարը, բայց կոչ է արել միավորվել ընտրություններից առաջ։
«Թույլ տվեք ձեզ մի օրինակ բերել։ Չարլին ատում էր պատերազմը՝ անկախ նրանից, թե որտեղ է այն մղվում՝ Եվրոպայում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում։ Նրան դա չէր հետաքրքրում, նա պարզապես ատում էր պատերազմը, դա նրա տեսակետն էր։ Իհարկե, կան մարդիկ, որոնց դուր է գալիս մեր արածը, և այնպիսինները, որոնց ոչ։ Ես այստեղ չեմ, որպեսզի լուծեմ Չարլիի և նրա հետ անհամաձայն մարդկանց միջև եղած տարաձայնությունները»,- ասել է ամերիկացի փոխնախագահը։


