16 Սեպ
2026
31° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն կառաջարկի անվտանգության նոր ռազմավարություն

ԵՄ-ն կառաջարկի անվտանգության նոր ռազմավարություն

Եվրոպական հանձնաժողովը Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի հետ համատեղ կառաջարկի եվրոպական անվտանգության նոր ռազմավարություն, ներառյալ՝ հիբրիդային հարձակումներին հավաքական արձագանքման մեխանիզմի ստեղծումը:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանում ԵՄ վիճակի մասին իր ամենամյա ելույթի ժամանակ։

«Մեզ անհրաժեշտ է մեր սեփական եվրոպական գործողությունների ծրագիրը հիբրիդային սպառնալիքների դեմ։ Մեզ անհրաժեշտ է անհապաղ համաձայնություն այն մասին, թե ինչպես արձագանքել կոնկրետ միջադեպերին, որոնք չեն համապատասխանում զինված ագրեսիայի մակարդակին, բայց հստակորեն սպառնում են մեր ազգային անվտանգությանը», – նշել է նա։

Ըստ նրա՝ նոր մեխանիզմը կարող է նման լինել Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածին, որը նախատեսում է դաշնակիցների միջև խորհրդակցություններ նրանցից մեկի անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում։

«Եթե մեկ անդամ պետություն կիրառի այն, բոլոր անդամ պետությունները կմիավորվեն՝ համակարգելու եվրոպական արձագանքը, կանխելու հետագա սրացումը և մեղմելու հետևանքները», – ասել է նա։

Ֆոն դեր Լեյենը նոր ռազմավարության անհրաժեշտությունը կապեց Եվրոպայում հիբրիդային սպառնալիքների աճող թվի հետ՝ ներառյալ կիբեռհարձակումները, դիվերսիաները, հրկիզումները և անօդաչու թռչող սարքերի կողմից խախտումները։

Նոր ռազմավարության շրջանակում Եվրոպական հանձնաժողովը նաև մտադիր է ներկայացնել գործընկեր երկրների մասնակցությամբ Եվրոպական անվտանգության խորհրդի ստեղծման առաջարկներ։

«Մենք կուրվագծենք մեր գաղափարները՝ Եվրոպական անվտանգության խորհուրդն իրականություն դարձնելու համար», – նշել է Ֆոն դեր Լեյենը։

Նրա խոսքով՝ նման ձևաչափը կարող է ներառել, ի թիվս այլնի, Կանադան, Նորվեգիան, Ուկրաինան և Միացյալ Թագավորությունը։

Ֆոն դեր Լեյենը նաև հայտարարել է Եվրոպական ռազմավարական կարողությունների նոր գործիք ստեղծելու ծրագրերի մասին, որը նպատակաուղղված կլինի պաշտպանական հիմնական կարողությունների զարգացմանը՝ օդային և հրթիռային պաշտպանությունից մինչև ռազմավարական օդային փոխադրումներ, օդ-օդ լիցքավորում, տիեզերական և կիբեռհնարավորություններ։

«Միայն միասին Եվրոպան ունի դրանք ստեղծելու անհրաժեշտ մասշտաբը», – նշել է նա՝ հավելելով, որ նոր գործիքը լիովին կհամակարգվի ՆԱՏՕ-ի հետ։

«Եվրոպան կպաշտպանի իր տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրը», – հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ