
«Ռեալ»-ի խաղացողներին խնդրել են կրել Սեուտայի բնակիչներին աջակցող կարգախոսով մարզաշապիկներ, բայց ոմանք «թաքցրել» են այն․ հայտնի է՝ ինչու
Սեպտեմբերի 15-ի երեկոյան իսպանական Լա Լիգայի շրջանակում «Էլչե»-ն հյուրընկալել էր Մադրիդի «Ռեալ»-ին: Խաղադաշտ դուրս գալուց առաջ խաղացողներին տրվել էին «Todos somos caballas» («Մենք բոլորս Սեուտայից ենք») կարգախոսով մարզաշապիկներ՝ ի պաշտպանություն իսպանական էքսկլավի բնակիչների, որոնք այս ամռանը մեծ ճգնաժամի մեջ էին Մարոկկոյից միգրանտների հոսքի պատճառով․ գրում է meduza.io-ն։
«Ռեալ»-ի մի քանի խաղացողներ տատանվել են մարզաշապիկները կրելու հարցում, բայց, ի վերջո, խաղադաշտ են դուրս եկել դրանցով: Խաղացողներից 3-ը՝ Կիլիան Մբապեն, Իբրահիմա Կոնատեն, բրազիլացի Վինիսիուսն իրենց մարզաշապիկները կիսով չափ են կրել և հնարավորինս շուտ հանել են դրանք։
Երբ խաղից հետո Մբապեին հարցրել են, թե ինչ է պատահել, նա պատասխանել է, որ ցանկանում է համերաշխություն ցուցաբերել ոչ միայն Սեուտայի բնակիչներին, այլև մահացած կամ սարսափելի պայմաններում ապրող միգրանտներին։
«Ես համերաշխություն եմ հայտնում Սեուտային և բոլոր զոհերին […] Որովհետև ես պարզապես խաղացող չեմ, ես առաջին հերթին մարդ եմ», – ասել է «Ռեալ»-ի հարձակվողը։
Goal.com-ն անանուն աղբյուրներին հղումով հայտնում է, որ մարզաշապիկները բաժանվել են իսպանական լիգայի բոլոր ակումբներին, և նրանք ազատ էին որոշելու՝ կրե՞լ դրանք խաղադաշտում, թե՞ ոչ։


