
Թրամփ-Զելենսկի հանդիպումը Նյու Յորքում․ ի՞նչ են խոսել նախագահները
Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։
Նրանք նախ զրուցել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, այնուհետ դռնփակ բանակցություններ վարել։
Լրագրողների հարցերին պատասխանելով՝ Թրամփը նշել է, որ Զելենսկիի հետ քննարկելու է Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքը, Ուկրաինայում Patriot հրթիռների արտադրության և Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների հարցը, որոնք, ինչպես Թրամփն է նշել, բարձրացնում են դիզելային վառելիքի համաշխարհային գները։
Զելենսկին հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ պատերազմը կարող է դադարեցվել մինչև ձմեռ: Իր հերթին, Թրամփը չի բացառել Վլադիմիր Պուտինի հետ ևս մի հանդիպում ունենալը՝ ռուս-ուկրաինական խաղաղ կարգավորման հասնելու համար։
Զելենսկիի և Թրամփի դռնփակ բանակցությունները տևել են 40 րոպե։ Այնուհետև Ուկրաինայի նախագահը կրկին խոսել է լրագրողների հետ։ Նա հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ էներգետիկ ոլորտում լիակատար զինադադարի, բայց այն պետք է լինի երկկողմանի։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգներն այս դիրքորոշումը կփոխանցի Ռուսաստանին։
Նա նաև Թրամփի հետ հանդիպումը «դրական և կառուցողական» է որակել։


