
Երբ նոր էինք սկսում աշխատել TRIPP-ի վրա, շատերը դեռ չէին հասկանում դրա իրական նշանակությունը․ Ուիթքոֆ
Ի տարբերություն աշխարհի բազմաթիվ հակամարտությունների՝ ՀՀ-ի և Ադրբեջանի պարագայում առկա են եղել բոլոր բաղադրիչները գործարք կնքելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Նյու Յորքում՝ Խաղաղության խորհրդի կազմակերպած միջոցառման ժամանակ։
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործում առաջընթաց է գրանցվել գլխավորապես Դոնալդ Թրամփի անձնական ներգրավվածության շնորհիվ:
«Հայաստանում և Ադրբեջանում աներևակայելի պրագմատիկ և հասուն առաջնորդներ են, որոնք հասկանում էին, որ երկարատև հակամարտությունում խաղաղության համաձայնագիրը լավագույն լուծումն է, քան մյուս տարբերակը: Եվ ամենակարևորը՝ նախագահ Թրամփն ամեն կերպ աջակցում էր գործընթացին», – նշել է Ուիթքոֆը:
Նրա խոսքով՝ Թրամփը հանձնարարել է «առաջնահերթություն դարձնել դա»: Եվ գործընթացը դարձել է արդյունավետ, քանի որ Թրամփն իսկապես կենտրոնացել է դրա վրա:
Խոսելով TRIPP նախագծի մասին՝ Ուիթքոֆը նշել է․ «Համոզված չեմ, որ շատերն իսկապես հասկանում էին այս նախագծի նշանակությունը, երբ մենք նոր էինք սկսում աշխատել դրա վրա»:
Նրա խոսքով՝ նախագծի իրականացումը թույլ կտա «շրջանցել աշխարհի որոշակի նեղ տեղեր»:
«Երբ մենք մանրամասն ամեն ինչ ներկայացրինք Հայաստանին, կարծում եմ՝ նրանք մտածեցին. «Սա հսկայական և խորը ազդեցություն կունենա մեր երկրի ապագայի վրա»: Հավանաբար, նրանք նույնիսկ թերագնահատում էին, թե ինչպիսին կլինի այդ ազդեցությունը»:


