
Պուտինն ունի 8-ամյա թոռնուհի՝ Էլզա Տիխոնովան․ նրա հայրը բալետմեյստեր Զելենսկին է․ հետաքննություն
Վլադիմիր Պուտինն ունի 8-ամյա թոռնուհի՝ «Իննոպրակտիկա» հիմնադրամի ղեկավար Կատերինա Տիխոնովայի (Ռուսաստանի նախագահի կրտսեր դուստրը) և բալետմեյստեր Իգոր Զելենսկիի դուստրը։ Աղջկա անունն Էլզա Իգորի Տիխոնովա է․ պարզել են «Проект» հետաքննությունների գծով մասնագիտացած ինտերնետային պարբերականի լրագրողները։
Պուտինի թոռնուհուն տրվել է մոր հորինված ազգանունը, բայց պահպանվել է հայրանունը․ գրում է meduza.io-ն։
Հետաքննությունը ենթադրում է, որ երեխային անվանակոչել են «Սառցե սիրտը» մուլտֆիլմի հերոսուհի արքայադուստր Էլզայի անունով։ Այս ենթադրությունը ծագել է այն պատճառով, որ նրա մայրը՝ Կատերինա Տիխոնովան, հայտնի է «Հոլիվուդի» հանդեպ իր սիրով. իր առաջին ամուսնու՝ Կիրիլ Շամալովի հետ հարսանիքին նա կատարել է ամերիկյան «Անաստասիա» մուլտֆիլմի արքայադստեր երգը։
Աղջկա անունը լրագրողներին հայտնի է դարձել Դաշնային սահմանապահ ծառայության արտահոսած տվյալների բազայի վերլուծության միջոցով։ 2019 թվականի նոյեմբերին՝ իր երկրորդ տարեդարձից կարճ ժամանակ առաջ, նա հոր և մոր հետ մեկնել է Մյունխեն գերմանական Air Hamburg (այժմ՝ VistaJet) ավիաընկերության կողմից շահագործվող բիզնես ինքնաթիռով։ Երկու տարի անց նա Bombardier Global 5000-ով մեկնել է Խորվաթիա։
Ռուսաստանի նախագահը թաքցնում է իր ընտանիքի անդամներին, որոնք ապրում են տարբեր ազգանուններով։
Լրագրողական հետաքննությունները ցույց են տալիս, որ Վլադիմիր Պուտինը 3 դուստր ունի՝ Մարիա Վորոնցովան և Կատերինա Տիխոնովան՝ նախկին կնոջ՝ Լյուդմիլա Պուտինայի հետ ամուսնությունից, և Լուիզա Ռոզովան՝ Սվետլանա Կրիվոնոգիխի հետ անօրինական կապից։ Նախագահը նաև երկու որդի ունի մարմնամարզուհի Ալինա Կաբաևայից՝ Իվան և Վլադիմիր Սպիրիդոնովները։ Պուտինը նաև թոռ ունի՝ Ռոման Ֆաասենը՝ Վորոնցովայի և նրա առաջին ամուսնու՝ հոլանդացի քաղաքացի Յորիտ Ֆաասենի որդին։


