
Ինքնասպանության փո՞րձ, ահաբեկչությո՞ւն, թե՞ միջանձնային բախում․ Flydubai-ի օդանավի առեղծվածը
Իսրայելը չի բացառում Դուբայ-Թել Ավիվ չվերթն իրականացնող Flydubai ավիաընկերության ինքնաթիռի վրա ահաբեկչական հարձակման փորձը․ հաղորդում է Ynet-ը՝ հղում անելով աղբյուրներին։
i24News հեռուստաալիքը՝ հղում անելով ականատեսներին, հաղորդում է, որ օդաչուն դանակահարվել է։ Ինքնաթիռի ժամանման մոտավոր ժամից մեկ կամ երկու ժամ առաջ օդաչուի խցիկից լսվել են ճիչեր։ Մի քանի ուղևոր կարողացել է բացել դուռը և տեսել է «շատ արյուն»։ Ինքնաթիռը մի քանի րոպե կորցրել է կառավարումը և սկսել է ընկնել։
Վարկածներից մեկի համաձայն՝ ինքնաթիռը վարել են Ռուսաստանից և Ուկրաինայից օդաչուներ։ Ուկրաինացին երկրորդ օդաչուն է եղել և հարձակվել է ռուս օդաչուի վրա։ Մեկ այլ վարկածի համաձայն էլ՝ օդաչուներն Օմանի և ԱՄԷ քաղաքացիներ էին, և միջադեպի համար կարող էր պատասխանատու լինել օմանցին։
Իսրայելական 14-րդ ալիքի հաղորդմամբ՝ Flydubai-ի ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի պատճառը կարող էր լինել օդաչուներից մեկի՝ ինքնաթիռի վթար առաջացնելու փորձը։
Նախնական քննության տվյալներով՝ օդաչուներից մեկն ինքնասպանության փորձ է արել։ Նրան խանգարել է օդաչուի խցիկում գտնվող երկրորդ օդաչուն, որը ֆիզիկապես բախվել է նրա հետ։
Ավելի վաղ իսրայելական 12-րդ ալիքը հաղորդել է, որ ուղևորատար ինքնաթիռը, որը թռչում էր Դուբայից Թել Ավիվ, ազդանշան է տվել ինքնաթիռի առևանգման մասին։ Օդաչուները սկզբում հաղորդել են 7700 կոդը՝ ինքնաթիռում արտակարգ իրավիճակի ազդանշան տալով, ապա՝ 7500 կոդը՝ առևանգման ազդանշան տալով։ Այնուհետև կապը կորել է։ Ինքնաթիռում եղել է մոտ 180 ուղևոր։ Իսրայելում վայրէջքն արգելվել է, ինքնաթիռը շրջվել է և ուղղությունը փոխել դեպի Սաուդյան Արաբիա։ Այն վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Տաբուկ օդանավակայանում։


