08 Հոկ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իտալիայի խորհրդարանը հաստատել է նոր ընտրական օրենք․ ընդդիմությունը դժգոհ է

Իտալիայի խորհրդարանը հաստատել է նոր ընտրական օրենք․ ընդդիմությունը դժգոհ է

Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել ընտրական համակարգի փոփոխությանը։ Նոր օրենքը փոխում է խորհրդարանական ընտրությունների անցկացման կարգը և նպատակ ունի ավելի հեշտ դարձնել կայուն կառավարություն ձևավորելը։

Փոփոխությունները հատկապես կարևոր են առաջիկա համընդհանուր ընտրություններից առաջ։

Իտալիան չի անցնում վարչապետի ուղղակի ընտրության համակարգի։ Նրան շարունակում է պաշտոնապես նշանակել երկրի նախագահը։

Ներկայում գործող ընտրական համակարգը համատեղում է մեծամասնական և համամասնական սկզբունքները։ Նոր օրենքով այն փոխարինվում է համամասնական համակարգով։  Այսինքն՝ խորհրդարանում մանդատների բաշխման հիմքում կուսակցությունների և կոալիցիաների ստացած ձայների հարաբերակցությունն է։ Սակայն համակարգն ամբողջությամբ համամասնական չէ․ նախատեսվում է հատուկ մեխանիզմ, որը հաղթող ուժին կարող է լրացուցիչ մանդատներ տալ։

42%-ը դառնում է առանցքային շեմ։ Եթե որևէ կուսակցություն կամ կոալիցիա ստանա առնվազն 42 տոկոս ձայն և միաժամանակ լավագույն արդյունքը գրանցի ինչպես Պատգամավորների պալատի, այնպես էլ Սենատի ընտրություններում, այն կստանա լրացուցիչ մանդատներ։ Խոսքն, ընդհանուր առմամբ, 105 լրացուցիչ մանդատի մասին է՝ 70-ը՝ Պատգամավորների պալատում, 35-ը՝ Սենատում։

Այս մեխանիզմի նպատակն է հաղթող ուժին ապահովել աշխատունակ խորհրդարանական մեծամասնություն և նվազեցնել կոալիցիոն ճգնաժամերի հավանականությունը։

Եթե ոչ մի ուժ 42 տոկոսի շեմը չի հաղթահարում, կամ Պատգամավորների պալատի և Սենատի արդյունքները չեն համապատասխանում պահանջներին, մանդատները բաշխվում են համամասնական սկզբունքով՝ առանց այդ լրացուցիչ մանդատների։

Չնայած նոր համակարգում կուսակցություններն ու կոալիցիաները պետք է ընտրություններից առաջ ներկայացնեն իրենց վարչապետի թեկնածուին, դա չի նշանակում, որ Իտալիայում ներդրվում է վարչապետի ուղղակի ընտրություն։ Ընտրողը քվեարկում է կուսակցության կամ կոալիցիայի օգտին, իսկ վարչապետի թեկնածուն նախապես նշվում է այդ ընտրական ցուցակում։

Ընտրություններից հետո, սակայն, վարչապետին պաշտոնապես նշանակում է Իտալիայի նախագահը՝ հաշվի առնելով խորհրդարանում ձևավորված քաղաքական մեծամասնությունը։

Այսպիսով, ընտրությունների տրամաբանությունը դառնում է ավելի պարզ․ քաղաքացիները նախապես գիտեն, թե տվյալ քաղաքական ուժն ում է առաջարկում կառավարության ղեկավարի պաշտոնում։

Նոր օրենքով փոփոխվում է նաև թեկնածուների ընտրության մեխանիզմը։

Ընտրողներին հնարավորություն է տրվում կուսակցության ցուցակից նախապատվություն տալ որոշակի թեկնածուների։

Բարեփոխումն ընդունվել է վարչապետ Ջորջիա Մելոնիի կառավարության նախաձեռնությամբ և արդեն դարձել է քաղաքական բանավեճի առարկա։

Իշխող ուժերը պնդում են, որ նոր համակարգը կօգնի ընտրություններից հետո արագ ձևավորել կառավարություն և կուժեղացնի քաղաքական պատասխանատվությունը։

Ընդդիմությունը, սակայն, կարծում է, որ փոփոխությունները կարող են առավելություն տալ գործող աջ կենտրոնամետ ուժերին և քննադատում է հատկապես 42 տոկոսի դեպքում նախատեսված լրացուցիչ մանդատների մեխանիզմը։

Միաժամանակ նոր համակարգը պարտադիր չէ, որ միայն իշխող ուժերին օգնի։ Եթե ընդդիմադիր կուսակցությունները կարողանան միավորվել մեկ լայն կոալիցիայի շուրջ և հաղթահարել 42 տոկոսի շեմը, նույն մեխանիզմը կարող է գործել նաև նրանց օգտին։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ