
Կիլիան Մբապեի մորը կասկածում են կաշառք տալու համար․ Ֆրանսիայում հետաքննություն է ընթանում
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի մայրը՝ Ֆայզա Լամարին, հայտնվել է Ֆրանսիայի ոստիկանության հետաքննության կենտրոնում՝ կաշառք տալու կասկածանքով․ հայտնում է L’Equipe պարբերականը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ իրավապահներն արդեն հարցաքննել են Լամարիին, ինչպես նաև Կիլիան Մբապեին, որը, ըստ քննության վարկածի, կարող էր ներգրավված լինել ֆինանսական գործարքում։
Քննիչների տրամադրության տակ հայտնված տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Մոհամեդ Սանհաջին աջակցել է Լամարիին՝ չորս մուտքի վիզա արագացված կարգով ստանալու հարցում։ Դրա դիմաց Մբապեն պաշտոնյային փոխանցել է 60,3 հազար եվրո։
Նշվում է, որ Սանհաջին խոշոր հակակոռուպցիոն գործի առանցքային դեմքերից է։ Այդ գործի շրջանակում ֆրանսիացի քննիչներն ավելի վաղ հարցաքննել են նաև հայտնի ֆուտբոլիստների։


