
Google Cloud-ի խափանում. տասնյակ ծառայություններ, այդ թվում՝ բանկային, անհասանելի են եվրոպական մի շարք երկրներում
Google Cloud-ի խափանումներն ազդել են բանկերի և այլ ոլորտների ծառայությունների վրա։ Revolut նեոբանկի օգտատերերը՝ Մեծ Բրիտանիայից մինչև Մալթա և Լատվիա, չեն կարողացել մուտք գործել հավելված և վճարել գնումների համար իրենց քարտերով. գրում է BBC-ն:
Գերմանիայում ING Bank-ի օգտատերերը նույնպես հայտնել են հավելված մուտք գործելու հետ կապված խնդիրների մասին:
Բանկը հայտարարել է, որ աշխատում է տեխնիկական խնդիրը լուծելու ուղղությամբ: Rabobank բանկի օգտատերերը նույնպես մուտք գործելու խնդիրներ են ունեցել։
DownDetector-ի տվյալներով՝ բանկային ոլորտը միակը չէ, որ տեխնիկական խնդիրներ է ունեցել։ Օգտատերերը հայտնում են DHL-ի հետ կապված խնդիրների մասին Գերմանիայում, Booking.com-ի հետ կապված՝ Իտալիայում և Իսպանիայում, ինչպես նաև հարկային ծառայության կայքի հետ կապված խնդիրների մասին Նիդեռլանդներում։
Google-ը հայտնել է Google Cloud-ի հետ կապված «բազմաթիվ խնդիրների» մասին իր եվրոպական տարածաշրջանում (europe-west2)։
Ընկերությունը նշել է, որ մասնագետները դեռևս ուսումնասիրում են խնդիրը, և խորհուրդ է տվել օգտատերերին տեղափոխել իրենց նախագծերն այլ գոտի կամ տարածաշրջան։


