ABCMEDIA
Ադրբեջանի իշխանությունը Հայաստանի նկատմամբ նոր պահանջների և ռազմական ագրեսիայի արհեստական հիմքեր է ստեղծում. Արման Թաթոյան

Ադրբեջանի իշխանությունը Հայաստանի նկատմամբ նոր պահանջների և ռազմական ագրեսիայի արհեստական հիմքեր է ստեղծում. Արման Թաթոյան

Ադրբեջանի իշխանությունը
նոր մակարդակի կեղծիքներով ստեղծում է Հայաստանի նկատմամբ նոր պահանջների և ռազմական
հանցավոր գործողությունների արհեստական հիմքեր։ Սկսել են բերել Հայաստանի կոնկրետ գյուղերի
և քաղաքների կեղծ օրինակներ։ Այս մասին գրում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան
Արման Թաթոյանը։

«Ադրբեջանական պետական քաղաքականության մեր ուսումնասիրությունները վեր են հանել նոր
փաստեր։ Մասնավորապես, նրանք արդեն անցել են մանրամասն կեղծիքների: Հայաստանի կոնկրետ
գյուղերի կամ քաղաքների (օրինակ՝ Սյունիքում կամ Գեղարքունիքում) օրինակով կեղծիքներով
«հիմնավորում» են, թե իբր դրանք «ադրբեջանցիների նկատմամբ հայերի գործած կոտորածների
արդյունքում դատարկվել են և տեղահանվել, ունեզրկվել»։ Ժամանակաշրջանը, որպես կանոն,
ընդգրկում է 20-րդ դարի սկզբից 1920-ական թթ․, իսկ հետո էլ կեղծում են 1980-ականների
փաստերը:

Սա հետևողական քաղաքականություն
է, որ լայնածավալ իրականացվում է ամբողջ Ադրբեջանում և արտերկրում՝ պետական ու իշխանական
այլ լրատվամիջոցներով՝ ապահովելով լայնածվալ քարոզչություն։ Սրանով նրանք, նախ, ոչ
միայն չեն թողնում, որ մարի հասարակությունում հայատյացությունն ու թշնամանքը, այլև
դա խորացնում են։

Այսինքն` առաջ են բերվում
առաջին հայացքից մարդասիրական հարցեր, բայց իրականում այդ «մարդասիրական» քողի ներքո
նախապատրաստվում են քաղաքական ծրագրեր ու ռազմական ագրեսիայի հիմքեր և ներկայացնում
են տարածքային նոր պահանջներ Հայաստանի նկատմամբ: Այս քաղաքականությունն է ընկած հայ
զինծառայողների ու բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ծառայողների գործած վայրագությունների
հիմքում:

Սրանով ստեղծվում են
Հայաստանի նկատմամբ «հատուցումների և տարածքային պահանջների», այսպես կոչված, «Արևմտյան
Ադրբեջան» իբր վերադարձի կեղծ հիմքեր՝ նաև ապահովելով Արցախի էթնիկ զտումների և բնակչության
զանգվածային բռնի տեղահանումների հայելային կրկնությամբ գործեր»,- գրել է Թաթոյանը։