23 Հոկ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիայում հայ փոխգնդապետ է զոհվել

Ֆրանսիայում հայ փոխգնդապետ է զոհվել

Ֆրանսիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով մահացել են անձնակազմի երկու անդամները՝ 44-ամյա փոխգնդապետ Անդրանիկ Սարգիսյանը և 27-ամյա օդաչու Քվենտին Կլիսը։

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ի երեկոյան՝ Ֆրանսիայի հյուսիս-արևելքում՝ Նանսի քաղաքի մերձակայքում։ Ֆրանսիական ռազմաօդային ուժերին պատկանող Mirage 2000D կործանիչը գիշերային ուսումնական թռիչքից վերադառնալիս վթարի է ենթարկվել։

Անդրանիկ Սարգիսյանը Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի փորձառու զինծառայող էր և ղեկավարում էր Սյուիպի ռազմական ավիացիոն հրաձգարանը։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ նա մասնակցել է 55 մարտական առաքելության, ունեցել 2200 ժամ թռիչքային փորձ և տարբեր ժամանակներում ծառայողական առաջադրանքներ կատարել Աֆղանստանում, Մալիում, Նիգերում, Սուդանում և Չադում։ Նրա ծառայության հիմնական ուղղությունը զենքի համակարգերի կառավարումն ու օդաչուին մարտական առաջադրանքների կատարման ընթացքում աջակցելն էր։

Վթարի պահին 27-ամյա օդաչու Քվենտին Կլիսը դեռ անցնում էր Mirage 2000D ինքնաթիռով մարտական թռիչքներ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական պատրաստություն։ Նա Ֆրանսիայի ռազմաօդային ուժերում ծառայում էր 2025 թվականի օգոստոսից։

Ֆրանսիական կողմի հաղորդմամբ՝ ինքնաթիռի հետ ռադիոկապն ու ռադարային կապը կորել է հոկտեմբերի 20-ի երեկոյան՝ մոտավորապես 22։40-ին։ Որոնողափրկարարական գործողությունների ընթացքում հայտնաբերվել են ինքնաթիռի բեկորներն ու անձնակազմի անդամների մարմինները։ Վթարի պատճառը դեռ հայտնի չէ։ Ֆրանսիայում անվտանգության և դատական քննություններ են ընթանում՝ պարզելու համար, թե ինչ հանգամանքներում է կործանվել ռազմական ինքնաթիռը։

Անդրանիկ Սարգիսյանն ամուսնացած էր, ունի երկու երեխա:

Ռազմագերիներ   Ռազմագերիներ