
Հունաստանի խորհրդարանն ընդունել է 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցցանցերից օգտվելն արգելող օրենք
Հունաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է օրենք, որն արգելում է մինչև 15 տարեկան երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից. այն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։
Օրինագծին աջակցել են միայն իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորները. գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ ՊԱՍՈԿ-ը՝ «Փոփոխությունների շարժում»-ը, ձեռնպահ է մնացել, իսկ մնացածը դեմ են քվեարկել։
Թվային քաղաքականության նախարար Դիմիտրիս Պապաստերգիուն նոր կարգավորումներն անվանել է «անհրաժեշտ, արդյունավետ, համաչափ և համատեղելի ԵՄ օրենսդրության հետ»։
Նա ասել է, որ կառավարությունը պետք է պայքարի ինտերնետի անվերահսկելի օգտագործման դեմ, որը երեխաների շրջանում կախվածություն է առաջացնում և վնասում է նրանց հոգեկան առողջությանը։
2027 թվականի հունվարի 1-ից սկսած՝ Facebook-ի, Instagram-ի և TikTok-ի նման թվային հարթակները պարտավոր կլինեն ստուգել, թե արդյոք իրենց հաշիվներն ու ծառայություններն ուղղված են մեծահասակներին: Ընդ որում՝ արգելքը վերաբերում է կոնկրետ սոցիալական ցանցերին, այլ ոչ թե երեխաների՝ համացանցից օգտվելու ընդհանուր հնարավորությանը կամ բջջային հեռախոսներ ունենալուն։
Հունաստանի կառավարության խոսնակ Պավլոս Մարինակիսը նշել է, որ օրենքը չի սահմանում տարիքի ստուգման հատուկ մեթոդ. լուծումները պետք է լինեն արդյունավետ, հուսալի և գաղտնի։


