
Ստեփան Ասատրյանը բողոքարկելու է իր կարգալուծության գործով դատարանի որոշումը․ մանրամասներ
Կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը բողոքարկելու է Արմավիրի առաջին ատյանի դատարանի որոշումը, որով կարճվել է Հայ առաքելական եկեղեցու դեմ իր ներկայացրած հայցի քննությունը։ ABC Media-ի հետ զրույցում Ասատրյանն ասաց, որ դատարանի որոշման հետ համաձայն չէ։
«Ես միանշանակ բողոքարկելու եմ։ Այստեղ խախտված իրավունքների հարց կա, և ես կարգալույծ եմ եղել իրենց համար քաղաքական, այսպես ասեմ, ոչ իրենց կողմից ընդունված ճանապարհով գնալու համար»,- մեզ հետ զրույցում ասել է Ասատրյանը։
Դատարանը վճռի մեջ ևս մեկ անգամ արձանագրել է, որ հոգևոր ծառայությունը չի կարող ինքնաբերաբար նույնացվել աշխատանքային հարաբերությունների հետ, իսկ Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից։ Ի՞նչ հիմքով է Ստեփան Ասատրյանը պնդում, որ դատարանը պետք է քննի այս հարցը։
«Ես ասում եմ, որ դատարանն իրավունք ունի քննելու, որովհետև այստեղ քաղաքական հարց կա։ Բացի այդ, ես կարծում եմ, որ Կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, և այդ հարցը նույնպես պետք է քննվի։ Իմ կարծիքով՝ եթե նա խախտել է իր ուխտը, այլևս չի կարող առաջնորդել եկեղեցին»,- ասել է Ասատրյանը։
- Ո՞վ է որոշել, որ Գարեգին Բ-ն այլևս Կաթողիկոս չէ։ Որտե՞ղ է դա ամրագրված։
- Հազարավոր հայեր այդ կարծիքն ունեն։
- Ովքե՞ր են այդ հազարավոր հայերը, ինչպե՞ս եք Դուք հազարավոր մարդկանց անունից խոսում։
- Հոգևորականն իրավունք ունի բարձրաձայնելու հազարավոր մարդկանց ցանկությունը։
Հիշեցնենք՝ Ստեփան Ասատրյանը մեկ տարի է՝ հոգևորական չէ։ Նա 2025-ի հոկտեմբերի 21-ին կարգալույծ է արվել։ Մայր Աթոռը կարգալուծություն անելու որոշման մեջ նշել է․
«Տ․ Արամ քահանա Ասատրյանը՝ հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին, անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ, վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց, երիցս համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը»,- ասված է Մայր Աթոռի հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Ստեփան Ասատրյանը 2025-ի սեպտեմբերի 16-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Կաթողիկոսին մեղադրել է եկեղեցին քաղաքականացնելու, հոգևորականների նկատմամբ քաղաքական ճնշումներ գործադրելու և կուսակրոնության ուխտը խախտելու մեջ՝ պնդելով, թե Կաթողիկոսն ունի կին և երեխա։ Եկեղեցին քաղաքականացնելու պնդումներ է անում կարգալույծ քահանան, որի ֆեյսբուքյան էջում գլխավոր նկարը Նիկոլ Փաշինյանի հետ է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դատարանը կարճել է Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի գործերի վարույթները և վերացրել Ասատրյանի՝ Սուրբ Հովհաննավանքի և Թախմազյանի՝ Թալինի եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնավարումն ապահովելու համար ավելի վաղ կիրառված հայցի ապահովման միջոցները։
Փաստաբան Արա Զոհրաբյանը գրել է, որ այս որոշումները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն կոնկրետ դատական գործերի, այլև Հայ առաքելական եկեղեցու ինքնավարության և նվիրապետական կառավարման սահմանադրական երաշխիքների պաշտպանության տեսանկյունից։


