
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 10 անձի և մեկ կազմակերպության նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել 10 ֆիզիկական անձի և մեկ իրավաբանական անձի նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի պատճառով․ հայտնել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունից։
«ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը պատժամիջոցներ է սահմանել 10 անձի և մեկ կազմակերպության նկատմամբ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների հետ կապված՝ ԿԺԴՀ կառավարության կողմից կազմակերպված սխեմաներում նրանց դերակատարության համար»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ այդ սխեմաների միջոցով նշված անձինք «խաբել են ամերիկյան ընկերություններին և եկամուտներ ապահովել ԿԺԴՀ-ի՝ զանգվածային ոչնչացման զենքի և բալիստիկ հրթիռների մշակման անօրինական ծրագրերի ֆինանսավորման համար»։
Պատժամիջոցների տակ հայտնված անձանց թվում կան Ռուսաստանի քաղաքացիներ։ Բացի այդ, սահմանափակումներ են կիրառվել Հյուսիսային Կորեայի ֆինանսական և տեխնիկական մշակումների կենտրոնի նկատմամբ, որը, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության պնդման, գտնվում է Ռուսաստանի տարածքում։


