
ԵԱՏՄ-ի մասին քննարկումը վերաճեց վեճի․ Պապոյանը Մանուկյանին կոռեկտության կոչ արեց
Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցել է տնտեսական օգուտներ ստանալու նպատակով, և եթե ակնկալվող օգուտները բացակայում են, իսկ սահմանափակումները՝ պահպանվում, դա քննարկման առարկա է․ այսօր խորհրդարանում 2027 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ այս պահին Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին կասկածի տակ չեն դնում։
Թունյանն արձագանքեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հարցին, որը պահանջել էր հստակ գնահատական տալ՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին ընդհանուր առմամբ օգո՞ւտ է տալիս, թե՞ վնաս։ Մանուկյանը նշել էր, որ իր գնահատմամբ՝ անդամակցությունը մեծ տնտեսական օգուտ է բերում։ Նա հարցրել էր՝ եթե իշխանության ներկայացուցիչներն այն վնասակար են համարում, ինչո՞ւ չեն նախաձեռնում անդամակցության սառեցումը։
Հարցի ընթացքում Մանուկյանը ՔՊ ներկայացուցիչների ելույթները բնորոշեց «խառը-խշտիկ» արտահայտությամբ, ինչին արձագանքեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարը ձևակերպումը ոչ կոռեկտ համարեց ու հայտարարեց, որ իր ներկայությամբ ՔՊ կուսակցության անդամների հասցեին նման արտահայտությունների կրկնվելու դեպքում խիստ կարձագանքի։
Մանուկյանը պարզաբանեց, որ իր գնահատականը վերաբերում էր ելույթների բովանդակությանը, և ինքը որևէ մեկին անձնական վիրավորանք չի հասցրել։ Պապոյանը նրան հորդորեց պահպանել կոռեկտությունը։
Անդրադառնալով անդամակցության հարցին՝ Պապոյանն ընդգծեց, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և կատարում է միության շրջանակում ստանձնած պարտավորությունները։
«ԵԱՏՄ-ն մեր կառույցն է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ միությունից դուրս գալու կամ անդամակցությունը շարունակելու որոշումը պետք է կայացնի Հայաստանի ժողովուրդը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը ԵԱՏՄ-ում փորձում է ուղղել նախկինում թույլ տրված սխալները։ Պապոյանը նշեց, որ դա հեշտ գործընթաց չէ, քանի որ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։
Պատգամավոր Բաբկեն Թունյանը, պատասխանելով իրեն ուղղված հարցին, նախ հեգնանքով արձագանքեց Մանուկյանի՝ իր մասնագիտական գիտելիքներին տված բարձր գնահատականին։ Անդրադառնալով բուն հարցին՝ նա նշեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու նպատակը տնտեսական օգուտներ ստանալն է։
«Եթե վիճակն այնպիսին է, որ մենք մի կողմից ակնկալվող օգուտները չունենք, իսկ մյուս կողմից մեզ համար որոշակի սահմանափակումներ են գործում, այդտեղ, իհարկե, մտածելու բան կա»,- ասաց Թունյանը։
Նա միաժամանակ շեշտեց, որ այս պահին Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին կասկածի տակ չեն դնում կամ ռիսկի չեն ենթարկում։
Գառնի Մութաֆյան


