09 Նոյ
2026
6° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետությունն առաջ չի մղում արցախցիների վերադարձի հարցը․ Կարեն Միրզոյան

Պետությունն առաջ չի մղում արցախցիների վերադարձի հարցը․ Կարեն Միրզոյան

Արցախի բռնի տեղահանությունից 3 տարի անց արցախցիների վերադարձի իրավունքը դեռևս չի իրացվել, իսկ միջազգային հարթակներում այդ հարցի առաջմղումը բավարար մակարդակի վրա չէ։ Այս մասին ABC Media-ի հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Միրզոյանը։

Միրզոյանի գնահատմամբ՝ բավարար քայլեր չեն ձեռնարկվում ոչ միայն բռնի տեղահանված արցախցիների սոցիալական և կենցաղային խնդիրների լուծման, այլև նրանց հիմնարար իրավունքների, առաջին հերթին՝ վերադարձի իրավունքի պաշտպանության ուղղությամբ։

«Որևէ լուրջ քայլ չի ձեռնարկվում։ Հակառակը՝ կարող ենք ասել, որ ձեռնարկվում են հակաքայլեր, որոնք թույլ չեն տալիս արցախահայությանը տեր կանգնել իր հիմնական ոտնահարված իրավունքին՝ վերադարձի և պատմական հայրենիքում արժանապատիվ կերպով ապրելու իրավունքին»,- ասաց Միրզոյանը։

Դիվանագետի համոզմամբ՝ խնդրի առանցքային պատճառներից մեկը պետական հստակ և հետևողական քաղաքականության բացակայությունն է։

«Որոշակի աշխատանք տարվում է առանձին անհատների, քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների միջոցով, բայց երբ չկա պետական հստակ դիրքորոշում, երբ պետությունը հետևողականորեն առաջ չի մղում խնդիրը, շատ դժվար է միջազգային կազմակերպությունից ակնկալել արձագանք կամ նպատակային աշխատանք»,- ասաց Կարեն Միրզոյանը։

Նա նշեց, որ միջազգային կառույցները պարբերաբար անդրադառնում են հայ գերիների վերադարձի, մարդու իրավունքների պաշտպանության և հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության հարցերին, սակայն արցախցիների հավաքական վերադարձի իրավունքը բավարար հետևողականությամբ չի բարձրաձայնվում։

Միրզոյանի կարծիքով՝ նման հարցի առաջմղումը պահանջում է պետական ամբողջական աշխատանք՝ զեկույցների պատրաստում, միջազգային հարթակներում շարունակական ներկայացվածություն, համապատասխան մարդկանց և փորձագետների ներգրավում, դիվանագիտական համակարգի հետևողական աշխատանք։

«Դա նշանակում է, որ ամբողջ պետական ապարատը պետք է ներգրավվի։ Պետք է զեկույցներ պատրաստվեն, մարդիկ հրավիրվեն, հարցը մշտապես բարձրացվի տարբեր հարթակներում։ Դա հսկայական աշխատանք է»,– ընդգծեց դիվանագետը։

Նա նաև զուգահեռ անցկացրեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետ՝ նշելով, որ տասնամյակներ շարունակ տարվող աշխատանքն էականորեն ակտիվացավ այն ժամանակ, երբ անկախ Հայաստանի պետական համակարգն էլ սկսեց ներգրավվել այդ գործընթացում։

Միրզոյանի խոսքով՝ նույն սկզբունքը գործում է նաև Արցախի հարցում․ հասարակական և անհատական նախաձեռնությունները կարևոր են, բայց առանց պետական մակարդակով շարունակական և համակարգված աշխատանքի՝ դրանց ազդեցությունը սահմանափակ է։

Նրա գնահատմամբ՝ վերադարձի իրավունքի իրացումը հնարավոր չէ միայն հայտարարություններով կամ առանձին միջազգային արձագանքներով․ անհրաժեշտ է այն դարձնել պետական քաղաքականության հստակ ուղղություն և հետևողականորեն առաջ մղել միջազգային տարբեր հարթակներում։

Գառնի Մութաֆյան

Ռազմագերիներ   Ռազմագերիներ