09 Նոյ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նոյեմբերի 9-ից հետո մեր ունեցած առնվազն հինգ տարին չօգտագործվեց․ Մանե Թանդիլյան

Նոյեմբերի 9-ից հետո մեր ունեցած առնվազն հինգ տարին չօգտագործվեց․ Մանե Թանդիլյան

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը կարող էր Հայաստանին և Արցախին առնվազն հինգ տարի ժամանակ տալ՝ վերակազմակերպվելու, ուժեղանալու և ստեղծված իրավիճակը փոխելու համար։ Սակայն այդ հնարավորությունը չօգտագործվեց․ ABC Media-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Արցախի աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

Նրա խոսքով՝ եթե ռազմական գործողությունները դադարեցվեին ավելի վաղ, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարող էր այլ տեսք ունենալ։

«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, այն տեսքով, որով այն հանրությանը հայտնի դարձավ, կարծում եմ՝ բոլորովին այլ տեսք կունենար, եթե ռազմական գործողությունները դադարեցվեին ավելի վաղ։ Այդ հնարավորության մասին նաև Փաշինյանն էր հայտարարել՝ նշելով, որ նման հնարավորություն ունեցել է, բայց, ցավոք, չի իրացրել՝ իբրև թե ոչ բարենպաստ պայմանների պատճառով»,- ասել է Թանդիլյանը։

Նրա գնահատմամբ՝ ստորագրված փաստաթղթի դրույթների կատարումը հնարավորություն կտար առնվազն ժամանակ շահել և այդ ընթացքում ամրապնդել Հայաստանի ու Արցախի դիրքերը։

«Դրանց կատարումը հնարավորություն կտար գոնե հինգ տարի Արցախը հայկական պահել, ուժեղանալ Հայաստանում և Արցախում, և գուցե այդ ժամանակը մեզ՝ հայ ժողովրդին, հնարավորություն տար իրավիճակը փոխելու»,- նշել է նա։

Թանդիլյանի խոսքով՝ հայկական կողմը չկարողացավ օգտագործել այդ ժամանակը, իսկ դրանից հետո տեղի ունեցավ Արցախի հայաթափումը։

«Ժամանակ։ Որոշ ժամանակ, որը մենք կամ պետք է որակապես ու արդյունավետ օգտագործեինք՝ դասեր քաղելով, կամ ոչ։ Մենք արեցինք երկրորդը։ Դասեր չքաղեցինք, չկազմակերպվեցինք»,- ասել է նախկին պաշտոնյան։

Նա ընդգծել է, որ այդ տարիները պետք է դառնային նաև Արցախում բնակչության վերադարձի և հայկական ներկայության պահպանման շրջան։

«Հենց այդ պատճառով էլ ես փորձում էի իմ փոքր ներդրումն ունենալ՝ Արցախը հայկական պահելու սոցիալական ծրագրերի միջոցով, որպեսզի մարդիկ վերադառնան։ Որովհետև առանց մարդկանց ներկայության հնարավոր չէ որևէ տարածք պահել»,- ասել է Թանդիլյանը։

Անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարմանը՝ նա նշել է, որ իր գնահատմամբ՝ իրականացվել են հիմնականում Ադրբեջանի շահերից բխող կետերը, իսկ գերիների վերադարձի և այլ հարցերի վերաբերյալ պարտավորությունները մնացել են չկատարված։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ