09 Նոյ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվս մեկ միջադեպ Գյումրիում՝ ռուսական բազայի զինծառայողների մասնակցությամբ. տուժողն ուկրաինացի է․ «Ազատություն»

Եվս մեկ միջադեպ Գյումրիում՝ ռուսական բազայի զինծառայողների մասնակցությամբ. տուժողն ուկրաինացի է․ «Ազատություն»

Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ նոր միջադեպից հետո երկու ռուս զինծառայող է կալանավորվել: Նրանք հայաստանյան քրեակատարողական հիմնարկում են պահվում․ գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Տուժողը Ուկրաինայի քաղաքացի Դմիտրի Սամուելենկոն է: Հենց նա է դիմել իրավապահներին՝ հայտնելով, որ իրեն Գյումրիի Անի թաղամասում երկու զինծառայողներ են ծեծել: Դեպքը մոտ մեկ ամիս առաջ է տեղի ունեցել:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնել են, որ վարույթ են հարուցել մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով, դատաբժշկական փորձաքննություն նշանակել: Ռազմաբազայի երկու զինծառայողները կալանավորված են առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով:

Թե ինչն է այս միջադեպի պատճառը, ինչու են ռուսները ծեծել ուկրաինացուն, դեռ պարզ չէ:

Օրերս ռուս զինծառայողների մասնակցությամբ մեկ այլ միջադեպի մասին էր բարձրաձայնել իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա ղեկավարած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին էր ուղարկվել մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են մի երիտասարդի ռուս զինվորականները ծեծում ու նվաստացնում: Սաքունցը հանցագործության մասին հաղորդում էր ուղարկել գլխավոր դատախազություն՝ դրան կցելով տեսանյութը:

Այս միջադեպի մասին իրավապահները դեռ մանրամասներ չեն հաղորդում: Քննչականից «Ազատությանը» փոխանցեցին, որ տեսնյութի վերաբերյալ իրենք որևէ հաղորդում մինչ այս պահը չեն ստացել:

Ռուսական ռազմաբազան կամ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը որևէ մեկնաբանություն չեն արել ոչ այս, ոչ էլ մյուս միջադեպի մասին:

Ռազմագերիներ   Ռազմագերիներ