09 Նոյ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի ղեկավարությունը դավաճանել է Արցախի ժողովրդին․ Մանե Թանդիլյան 

Հայաստանի ղեկավարությունը դավաճանել է Արցախի ժողովրդին․ Մանե Թանդիլյան 

2023 թվականի սեպտեմբերին արցախցիները մինչև վերջին պահը փորձել են պաշտպանել իրենց հայրենիքում ապրելու իրավունքը։ Սակայն միայն Արցախի ուժերով հնարավոր չէր դիմակայել Ադրբեջանի բանակին։ Այս մասին ABC Media-ի հետ զրույցում ասել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր էր կանխել Արցախի հայաթափումը, Թանդիլյանը նշել է, որ արցախյան ուժերի հնարավորությունները սահմանափակ էին։

«Միայն արցախյան ուժերով դա հնարավոր չէր լինի, որովհետև արցախցիների և նրանց փոքրաթիվ զինված ուժերի՝ ինքնապաշտպանական բանակի առջև կանգնած էր Ադրբեջանի բանակը։ Նույնիսկ Հայաստանի և Արցախի համատեղ ուժերով դժվար էր որևէ դիմադրություն կազմակերպել»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո արցախցիները դիմադրել են՝ փորձելով թույլ չտալ ադրբեջանական ուժերի մուտքը բնակավայրեր։

«Այդ մեկօրյա պայքարը, որ հերոսական արցախցիները մղեցին Ադրբեջանի հարձակումների դեմ, 24 ժամվա ընթացքում ավելի քան 200 զոհ տալով, դիմակայելու, ադրբեջանցիներին ներս չթողնելու համար էր։ Մարդիկ իրենց կյանքով, իրենց մարմնով կանգնել էին, որպեսզի ադրբեջանցիները չմտնեն»,- նշել է Թանդիլյանը։

Նա անընդունելի է համարել այն տեսակետները, թե արցախցիները պետք է մնային և շարունակեին ապրել ադրբեջանական վերահսկողության ներքո։

«Արցախի ժողովուրդը և այնտեղի զինված ինքնապաշտպանական խմբերն արել են այն ամենը, ինչ կարողացել են, որպեսզի ադրբեջանցիները չմտնեն և չկոտորեն Արցախում ապրող հայ ժողովրդին»,- ասել է նա։

Թանդիլյանի խոսքով՝ արցախցիները դիմակայել են շրջափակմանը, սովին և ծանր պայմաններին՝ փորձելով մնալ իրենց տներում։

«Արցախցիներն իրենց անելիքն արել են։ Որպես Արցախի ժողովուրդ՝ իրենց անելիքը փայլուն կատարել են։ Ես այդպիսի դիմակայուն ժողովուրդ չեմ տեսել, որը նման արհավիրքից օրեր անց վերադառնա իր տուն՝ այն հատվածը, որը դեռ մնացել էր մեզ»,- ասել է նախկին պաշտոնյան։

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների պատասխանատվությանը՝ Թանդիլյանը կոշտ գնահատական է հնչեցրել։

«Ես ասում եմ՝ Հայաստանի ղեկավարությունը դավաճանել է Արցախի ժողովրդին։ Այդքանը»,- նշել է նա։

Նա նաև ընդգծել է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձել է հնարավորինս անվտանգ կազմակերպել բնակչության դուրսբերումը։

«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը նույնպես փորձել է ողջ պահել Արցախի ժողովրդին՝ աստիճանաբար, առանց խուճապի կազմակերպելով մարդկանց դուրսբերումը, որպեսզի գոնե բոլորը կարողանան հեռանալ»,- ասել է Թանդիլյանը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ