
Ցավոք սրտի, նման դեպքեր տեղի են ունենում ամբողջ աշխարհում․ Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ում մահացած ընդդիմադիր գործչի մասին
Ցավոք սրտի, նման դեպքեր տեղի են ունենում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում, կոնկրետ այս մահվան դեպքի հետ կապված միայն կասեմ, որ արձանագրվել է սրտի կանգ․ այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՔԿՀ-ում ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի մահվանը, ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական խնդրի մասին ընդհանրապես չի բարձրաձայնվել, այսինքն՝ ինքնազգացողության վատացում անձը չի ունեցել։ Այսօր առավոտյան շուտ բողոքել է ինքնազգացողությունից, ժամը 7:55-ի շրջանում բուժակն այցելել է և զննություն է կատարել, հետո կարճ չանցած՝ շտապօգնություն է կանչվել, որից հետո արձանագրվել է սրտի կանգ»,- ասել է նախարարը։
Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ քրեակատարողական հիմնարկում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանը։ Նա կալանավորվել էր հոկտեմբերի 21-ին։


