
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
Կալանավորվելուց 20 օր անց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սրտի կաթվածից մահացած՝ Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի գործով դատավոր Արամ Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել․ գրում է «ՓաստԻնֆո»-ն։
«Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրել էր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը․ վերջինս հենց այն դատավորն է, ում հրապարակավ ավելի վաղ թիրախավորել էր Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով, որ Գագիկ Ծառուկյանին արդարացրել է կաշառքով։ Այդ հայտարարությունից հետո Գրիգորյանը մի շարք քաղաքականապես զգայուն գործերով հիմնականում հօգուտ մեղադրանքի կողմի որոշումներ է կայացրել, այդ թվում՝ Արսեն Գևորգյանի վերաբերյալ, ով կալանավորվելուց ընդամենը 20 օր անց մահացել է։
Քրեական գործը նոյեմբերի 6-ին մուտքագրվել է Հակակոռուպցիոն դատարան, նոյեմբերի 9-ին մակագրվել նախաքննության ընթացքում Գևորգյանի կալանավորման որոշումը կայացրած դատավոր Արամ Գրիգորյանին, վերջինս նույն օրը վարույթ ընդունելու որոշում է կայացրել, սակայն նոյեմբերի 10-ի առավոտյան Արսեն Գևորգյանը ՔԿՀ-ում մահացել է։
Տեղեկացանք, որ դատավոր Արամ Գրիգորյանը սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ է հայտնել՝ նշելով, որ մահվան փաստի վերաբերյալ կատարված տարբեր անձանց և լրատվական կայքերի հրապարակումներում, այդ թվում պաշտպանի կողմից կատարված հայտարարություններում, մեղադրյալի մահը անուղղակիորեն կապվել է նրան կալանավորելու հանգամանքի հետ, այդ կապակցությամբ նաև կասկածի տակ դնելով մինչդատական վարույթի ընթացքում կայացված որոշման օրինականությունը, նաև արդեն գործը դատարան ուղարկված և նույն դատավորի վարույթում գտնվելու պայմաններում՝ տվյալ դատավորի անաչառությունը և անկողմնակալությունը»,- նշում է լրատվամիջոցը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։


