Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը գոհ է ներքին առաջնության եզրափակիչ մենամարտերում գրանցված արդյունքներից:
«Ծանր քաշային կարգերում մի քանի նոր անուններ ի հայտ եկան, որոնք կհամալրեն Հայաստանի հավաքականի կազմը: Սակայն նրանք չեն ընդգրկվի օլիմպիական քաշային կարգերում: Եզրափակիչներից հետո կարող եմ ասել, որ գոհ եմ: Ցանկանում եմ ընդգծել, որ կարևոր քաշային կարգերի առաջատարները, այսօր չպետք է լինեն լավագույն մարզավիճակում, քանի որ մեկ ամիս անց նոր կմեկնարկի Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Աղամալյանը:
Վերջինիս խոսքով` Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր Հովհաննես Բաչկովը մեծ հավանականությամբ չի մասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային առաջին մրցաշարին. Բաչկովը մի քանի ամիս առաջ է վիրահատել երկու ձեռքերը:
«Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային առաջին մրցաշարին կմասնակցեն Հայաստանի չեմպիոնները: Եթե նրանք հաջողության չհասնեն, ապա հնարավորություն կտրվի մյուս մարզիկներին ևս»,-ընդգծեց գլխավոր մարզիչը:
Աղամալյանն առանձնացրեց` բռնցքամարտիկները բարդ խնդրի առաջ են կանգնած, քանի որ վարկանիշային երկու մրցաշարերն էլ համաշխարհային էին և մրցաշարերին մասնակցելու են աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն ընտրանիները:
Բռնցքամարտի ընտրանին հունվարի 29-ից ուսումնամարզական հավաքի կմեկնի Ծաղկաձոր` նախապատրաստվելով վարկանիշային երկու մրցաշարի և Եվրոպայի առաջնությանը:
Փարիզի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային առաջին մրցաշարը կկայանա Իտալիայում մարտի 4-11-ը և մայիսի 23-ից հունիսի 3-ը` Թայլանդում: