26 Նոյ
2026
1° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոնթեի ծննդյան օրն ու այս կողմից փակված հայոց միջնաբերդը

Մոնթեի ծննդյան օրն ու այս կողմից փակված հայոց միջնաբերդը

2022 թվականի նոյեմբերի 25-ն էր։ Արցախում էի ապրում, այն ժամանակ արդեն՝ Քարվաճառի հանձնումից հետո, Ստեփանակերտում։ Աշխատում էի դպրոցների հետ։ Այս օրը հերթական դասալսմանն էի Ստեփանակերտի #3 դպրոցում հայոց լեզվի ուսուցչուհու մոտ։ Թեման պայմանի պարագա ստորադաս նախադասությունն էր։ Ուսուցչուհին թեման բացատրելուց հետո աշակերտներին խնդրում էր օրինակ բերել։

«Եթե մենք կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։ Քերականորեն ճիշտ կազմված, թեմայի վերաբերյալ օրինակ էր բերում աշակերտը։ Նոյեմբերի 25-ին՝ Մոնթեի ծննդյան օրը, Ստեփանակերտում, աղետաբեր պատերազմից երկու տարի ու կործանարար շրջափակումից օրեր առաջ։

Մոնթեի ծննդյան օրը 2020 թվականից առաջ Քարվաճառի դպրոցում անպայման էր նշվում. մի տարի աշակերտները Մոնթեի դիմանկարն էին նկարում ու ցուցադրություն անում, մյուս տարի՝ շարադրությունների մրցույթ էր կազմակերպվում, մեկ այլ անգամ դպրոցական ցերեկույթ էինք կազմակերպում, որի ընթացքում աշակերտները պատմում էին Մոնթեի մասին՝ ոգեշնչվելով հերոսի օրինակով։

Եթե մենք կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը…

Մոնթեի ծննդյան օրը 2020 թվականին լրիվ այլ կերպով նշեց։ 2020 թվականի նոյեմբերի 25-ին, Մոնթեի ծննդյան օրը, մենք կորցրինք Արցախը՝ հայոց միջնաբերդ Քարվաճառի դարպասներն այս կողմից փակելով։

Դրանից հետո մեզ դեռ երեք տարի մի ծվեն Արցախ էր մնալու՝ առանց ռազմավարական կարևորագույն նշանակության Քարվաճառի ու Քաշաթաղի, առանց հայոց հինավուրց Հադրութի ու համայն հայության հպարտություն Շուշիի։

Մի ծվեն Արցախ, որը փրկության հույս էր, պարզապես՝ երկիր Նաիրի, երազ հեռավոր։ Մի պատառ Մարտունի՝ թշնամական դիրքերով շրջապատված, որտեղ մինչև Արցախի վերջին օրը կանգուն էր մնում Մոնթեի արձանը։

Իսկ հայոց միջնաբերդ Քարվաճառը, որն Արցախի ամրության գրավականն էր, Արցախը մայր Հայաստանին կապող ամենահուսալի ու ամենաչքնաղ ճանապարհը, թշնամուն հանձնվեց հենց Մոնթեի ծննդյան օրը։

Վեց տարի առաջ այս օրը հայոց միջնաբերդի դարպասը փակվեց, որից հետո սկսվեց Արցախի լիակատար շրջափակման հետհաշվարկը։

«Եթե մենք կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը», պայմանի պարագա ստորադաս նախադասության ամենաողբերգական ու խորհրդանշանակ օրինակն էր բերում արցախցի աշակերտը, 2022 թվականի նոյեմբերի 25-ին։ Իսկ Արցախի վերջնական շրջափակմանը հաշված օրեր էին մնացել…

Թամարա Գրիգորյան

Ռազմագերիներ   Ռազմագերիներ