
ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ ԱՄՆ-ն կհետաձգի Եվրոպայից զորքի մի մասի դուրսբերման որոշումը
Հյուսիսատլանտյան դաշինքում ակնկալում են, որ ԱՄՆ-ն կհետաձգի Եվրոպայում տեղակայված ամերիկյան զորքի մի մասը դուրս բերելու որոշման ընդունումը․ հայտնում է Bloomberg գործակալությունը։
Լրատվամիջոցի զրուցակիցները նման սպասումները հիմնավորել են նրանով, որ ԱՄՆ նախագահի վարչակազմն այժմ ամբողջությամբ կենտրոնացած է ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացի վրա։
Բացի այդ, Bloomberg-ի աղբյուրների խոսքով, վերջին շաբաթներին Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունները զգալիորեն բարելավվել են։ Դրան նպաստել է դաշինքի անդամ երկրների պատրաստակամությունը՝ դաշինքի կազմում ավելացնելու սեփական պաշտպանական ծախսերը, ինչը Թրամփի վարչակազմի առանցքային պահանջներից մեկն էր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ միջազգային մամուլում պարբերաբար տեղեկություններ էին շրջանառվում, որ Սպիտակ տունը դիտարկում է Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության կրճատման հնարավորությունը՝ ռեսուրսներն այլ ուղղություններով վերաբաշխելու և եվրոպացի դաշնակիցներին սեփական անվտանգության համար ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելուն մղելու նպատակով։


