
ԵՄ առաջնորդները պետք է համաձայնության գան բյուջեի շուրջ մինչև տարեվերջ․Կոշտա
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան կոչ է արել Եվրոպական միության առաջնորդներին ցուցաբերել թափանցիկություն, կառուցողական մոտեցում և փոխզիջման պատրաստակամություն ԵՄ երկարաժամկետ բյուջեի քննարկման ժամանակ։
Նա նշել է, որ համաձայնության պետք է հասնել ժամանակին` մինչև այս տարվա վերջ։
Եվրոպական խորհրդի նախագահը հույս ունի ԵՄ առաջնորդներին մոտեցնել համաձայնության երկարաժամկետ բյուջեի վերաբերյալ երեք հիմնական հարցի շուրջ՝ ընդհանուր ծավալ, միջոցների բաշխում առաջնահերթ ոլորտների միջև և ԵՄ նոր եկամուտների աղբյուրների հավասարակշռված համակարգի ստեղծում։
Նա ընդգծել է, որ անդամ պետությունների ազգային ներդրումները ողջամիտ մակարդակի վրա պահելու համար անհրաժեշտ են նոր եկամուտների աղբյուրներ։
Կոշտան ընդգծել է, որ ԵՄ հաջորդ երկարաժամկետ բյուջեն պետք է համապատասխանի միության հիմնական նպատակներին՝ ապահովելով աջակցություն ֆերմերներին, քաղաքներին և տարածաշրջաններին՝ ավելացնելով անվտանգության և պաշտպանության ոլորտում ներդրումները և բարձրացնելով եվրոպական տնտեսության մրցունակությունը։
Ավելին, նա նշել է, որ բյուջեն պետք է հաշվի առնի քաղաքացիների սպասելիքները, այդ թվում՝ էներգիայի ծախսերի և բնակարանային մատչելիության վերաբերյալ։
Կոշտան հիշեցրել է, որ ԵՄ երկարաժամկետ բյուջեի հաստատումը պահանջում է բոլոր անդամ պետությունների միաձայն լինելը, այլ ոչ թե պարզ մեծամասնության քվեարկությունը, ինչպես դա տեղի է ունենում շատ ազգային որոշումների դեպքում։
«Միաձայնության հասնելու համար բոլոր առաջնորդները պետք է լսեն միմյանց, հաշվի առնեն մյուսների դիրքորոշումները և գտնեն փոխզիջման ընդհանուր հիմք», – նշել է նա։


