
Մասկը տվյալների կենտրոններ կկառուցի տիեզերքում. SpaceX-ը թույլտվություն է ստացել 1 միլիոն արբանյակ դուրս բերել մերձերկրյա ուղեծիր
Ամերիկյան կարգավորող մարմինները SpaceX ընկերությանը թույլատրել են 1 միլիոն արբանյակ դուրս բերել մերձերկրյա ուղեծիր՝ տիեզերքում տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու համար։ Սա նմանատիպ առաջին թույլտվությունն է․ գրում է BBC-ն։
Իլոն Մասկի ընկերությունը մտադիր է արևային էներգիա օգտագործել արբանյակների սնուցման համար, որոնք տվյալներ կմշակեն արհեստական բանականության համակարգերի համար և արդյունքները կփոխանցեն Երկիր։
SpaceX-ում կարծում են, որ «տվյալների մշակման ուղեծրային կենտրոնները» ամենատնտեսող և էներգաարդյունավետ միջոցն են՝ բավարարելու արհեստական բանականության (ԱԲ) հաշվողական հզորությունների նկատմամբ աճող պահանջարկը, որն արդեն դուրս է գալիս «վերգետնյա ենթակառուցվածքների հնարավորությունների» սահմաններից։
ԱՄՆ կապի դաշնային հանձնաժողովը (FCC) չորեքշաբթի հայտարարել է, որ Starmind անվանումը ստացած նախագիծը «կնպաստի գերինտելեկտի սրընթաց աճող ամերիկյան տնտեսության զարգացմանը»։
FCC-ի նախագահ Բրենդան Քարի խոսքով՝ նախագիծը «նոր հորիզոններ է բացում հաշվողական ենթակառուցվածքների զարգացման համար, որոնք անհրաժեշտ են Ամերիկայի առաջատար դիրքերը պահպանելու և հետագա աճն ապահովելու համար»։
«Սա ամերիկյան հնարամտության օրինակ է, որը թույլ է տալիս միավորել տիեզերական ոլորտում և առաջատար տեխնոլոգիաներում մեր ձեռքբերումները, ամրապնդել մեր տնտեսական առաջնորդությունը և բարձրացնել բարեկեցությունը երկրի ներսում»,- ասել է Քարը։
Բացի այդ, ուղեծրային նախագծին հավանություն տալիս իշխանությունները հաշվի են առել ԱՄՆ տարբեր տարածաշրջանների բնակիչների աճող դիմադրությունը վերգետնյա տվյալների մշակման կենտրոնների ցանցի ընդլայնման նկատմամբ։


