
Արմավիր ՔԿՀ-ում բուժակը կալանավորներին հատկացվող թմրանյութի որոշ մասն իրենով է արել ու իրացրել
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժակը մեթադոնային ծրագրում ընդգրկված ազատազրկված անձանց տրամադրում է նշանակված չափաբաժնից պակաս մեթադոն․ հայտնում են ՔԿ ծառայությունից։
«Բացի այդ՝ մեթադոնային ծրագրից դուրս եկած ազատազրկված անձանց կողմից մեթադոն չստանալու վերաբերյալ համապատասխան թերթիկներում գրառումներ չի կատարում, իսկ չտրամադրված մեթադոնը հետագայում հափշտակում և իրացնում է դեռևս չպարզված անձանց։
Բուժակը ձերբակալվել է «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և նախապատրաստված նյութերի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրությունում։


