
ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարները կհանդիպեն՝ ռուսական C-400-ի շուրջ առկա տարաձայնությունները լուծելու համար
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը նոյեմբերի 30-ին ԱՄՆ-ում բանակցություններ կվարեն․գրում է Bloomberg-ը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությանը հղումով։
Գյուլերը հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում կհանդիպի իր ամերիկացի գործընկեր Հեգսեթի հետ, քանի որ Անկարան ակտիվացնում է ջանքերը՝ Թուրքիայի կողմից ռուսական С-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի ձեռքբերման շուրջ ԱՄՆ-ի հետ առկա տարաձայնությունները լուծելու համար։
Bloomberg-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը նախկինում հայտարարել էր, որ Անկարայի համար այժմ հնարավորություն է բացվել լուծելու С -400-ների հարցը Միացյալ Նահանգների հետ, նախքան Դեմոկրատական կուսակցությունը հունվարի սկզբին վերահսկողություն կստանձնի ԱՄՆ Կոնգրեսում։
Օքթայի խոսքով՝ դեմոկրատները կարող են թերահավատորեն տրամադրված լինել ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին Թուրքիայի վերադարձի հեռանկարների նկատմամբ։
Նա հավելել է, որ Թուրքիան և ՌԴ-ն զգալի առաջընթաց են գրանցել С-400 զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ բանակցություններում, սակայն մանրամասներ չի հայտնել։
Հոկտեմբերի սկզբին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Թուրքիան չի կարող վերադառնալ F-35 ծրագրին, քանի դեռ ունի С-400 ՀՕՊ համակարգը։
ԱՄՆ-ն Թուրքիային բացառել է F-35 ծրագրից՝ ի պատասխան 2019 թվականին ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերման։ ԱՄՆ Կոնգրեսը նաև օրենք է ընդունել, որն արգելում է Թուրքիային F-35-ի ցանկացած վաճառք, քանի դեռ Անկարան ունի С-400 համակարգեր։
Վաշինգտոնը նշել է, որ С-400-ն անհամատեղելի է ՆԱՏՕ-ի համակարգերի հետ և մտահոգություն է հայտնել, որ С-400-ի և F-35 կործանիչների համատեղ օգտագործումը թույլ կտա Ռուսաստանին հասանելիություն ստանալ կործանիչների ռադարային գաղտնիության և այլ գաղտնի բնութագրերի վերաբերյալ տվյալներին։


