23 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հաագայի դատարանը պարտավորեցրել է Իսրայելին կանխել Գազայի հատվածում տեղի ունեցող ցեղասպանությունը

Հաագայի դատարանը պարտավորեցրել է Իսրայելին կանխել Գազայի հատվածում տեղի ունեցող ցեղասպանությունը

Արդարադատության միջազգային դատարանն Իսրայելին կարգադրել է ձեռնարկել բոլոր միջոցառումները՝ Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար։  Այս մասին հաղորդում է BBC-ն։

Հարավաֆրիկյան Հանրապետությունը հայց էր ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Իսրայելին մեղադրելով Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մեջ և պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն անկլավում։

Միջազգային դատարանը նաև կարգադրել է, որ Իսրայելը թույլ տա հումանիտար բեռների մուտքը Գազայի հատված, պաղեստինցիներին չպատճառի հոգեկան և մարմնական ցավ։

Այդուհանդերձ, դատարանը չի կարգադրել Գազայում անհապաղ հրադադար հաստատել, ինչը պահանջում էր Հարավաֆրիկյան Հանրապետությունը։

Իսրայելը հերքում է ցեղասպանության մեղադրանքները՝ դրանք անվանելով «անհիմն»։

Դատարանի վերջնական վճիռը՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մասին, կարող է տարիներ տևել։ Սակայն, ըստ BBC-ի, այս միջանկյալ միջոցը նշանակում է, որ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցը քննելու ընթացքում Գազայի հատվածի պաղեստինցիները որոշակի պաշտպանություն կունենան։

Իսրայելը դեռ պետք է որոշի՝ ինչպես արձագանքել դատարանի վճռին։ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները պարտավորեցնող են, սակայն դրանց իրականացումը պարտադրելու մեխանիզմներ չկան։