12 Հլս
2024
27.4° c ԵՐԵՎԱՆ
14.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենում հութիների դիրքերին

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենում հութիների դիրքերին

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Եմենում հութիների օբյեկտներին.այս մասին տեղեկանում է Al Mayadeen պարբերականը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ 11 ավիահարված է հասցվել Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդայի նահանգին, ինչպես նաև չորս ավիահարված՝ Եմենի հյուսիսային Սաադայի նահանգին։

Ավելի վաղ Եմենի զինված ուժերի խոսնակը հայտարարել էր, որ փետրվարի 3-ի երեկոյան ամերիկյան և բրիտանական զորքերը 48 ավիահարված են հասցրել Եմենի մի քանի շրջանների։

Իր հերթին ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ փետրվարի 4-ին «ինքնապաշտպանական հարվածներ» է հասցրել և ոչնչացրել 4 հականավային թևավոր հրթիռներ, որոնք պատրաստվում էին արձակվել Կարմիր ծովում գտնվող նավերի ուղղությամբ։

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմի ընթացքում հութիները պարբերաբար հարվածներ են հասցնում Կարմիր ծովով և Ադենի ծոցով նավարկող առևտրային նավերին՝ հայտարարելով, որ դրանք կշարունակվեն, քանի դեռ Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում։ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մի շարք հարվածներ են հասցրել հութիների օբյեկտներին, սակայն նրանց հարձակումները չեն դադարել։