
Անհետ կորած անձանց հարցերում առաջընթացը կարող է ամրապնդել վստահությունը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ավելի լայն գործընթացում․ Ադրբեջանի ԱԳՆ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի 9-րդ հոդվածը նվիրված է հակամարտության ընթացքում անհետ կորած կամ բռնի անհետացման ենթարկված անձանց հարցին․ հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևը Բաքվի «Անհետ կորած անձանց վերաբերյալ երկխոսության» շրջանակում անցկացված 4-րդ միջազգային համաժողովում։
Նա նշել է, որ գերության, տեղահանության և մահերի վերաբերյալ գրառումները, վկաների ցուցմունքները և անհատական կամ զանգվածային թաղման վայրերի վերաբերյալ տեղեկատվությունը մեծ նշանակություն ունեն անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու համար։
«Նույնիսկ թերի տեղեկատվությունը կարող է նշանակալից լինել, երբ այն ուսումնասիրվում է այլ ապացույցների հետ միասին», - նշել է Ֆարիզ Ռզաևը։
Նա նշել է, որ «Անհետ կորած անձանց միջազգային հանձնաժողովի» հետ համագործակցությամբ Ադրբեջանի պետական հանձնաժողովն աշխատում է տվյալների կառավարման ինտեգրված համակարգի և դրա լրացուցիչ առցանց բողոքարկման կենտրոնի նախնական ներդրման վրա։
Ըստ Ֆարիզ Ռզաևի՝ համակարգը կամփոփի առկա տեղեկատվությունը մեկ տվյալների բազայում, թույլ կտա լիազոր մարմիններին կառավարել և համեմատել տվյալները, ինչպես նաև գաղտնի կերպով կտրամադրի անհետ կորած անձանց և թաղման վայրերի վերաբերյալ տեղեկատվություն։ Նա նշել է, որ համակարգի արդյունավետությունը կախված կլինի դրանում մուտքագրված տվյալների որակից և համապատասխան բոլոր կողմերի՝ իրենց տեղեկատվությունը կիսելու պատրաստակամությունից։
Ըստ նրա՝ Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթուղթը նախատեսում է այս հարցերի լուծում՝ առկա ամբողջ տեղեկատվության անմիջական փոխանակման կամ, անհրաժեշտության դեպքում, համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով։
«Այս դրույթը ստեղծում է մարդասիրական համագործակցության կոնկրետ հիմք։ Համապատասխան պետական մարմինների և նրանց հայ գործընկերների միջև կանոնավոր շփումները պետք է նպաստեն տեղեկատվության օգտագործմանը՝ որոնումներ անցկացնելու, ինքնությունը պարզելու և ընտանիքներին պատասխաններ տրամադրելու համար», - ընդգծել է Ֆարիզ Ռզաևը։
Նա հավելել է, որ անհետ կորած անձանց հարցերում առաջընթացը կարող է նաև ամրապնդել վստահությունը կարգավորման ավելի լայն գործընթացում։
Ադրբեջանցի դիվանագետը հավելել է, որ Ադրբեջանը որոնողական գործողություններ է իրականացրել 2020 թվականի նոյեմբերից։ «Արդյունքում՝ ավելի քան 2000 հայ զինծառայողների աճյունները հանձնվել են հայկական կողմին», - հայտարարել է Ֆարիզ Ռզաևը։


