ABCMEDIA
ՀՀ իշխանությունը մտել է աշխարհաքաղաքական բախումների դաշտ․ Աբրահամյանը ելույթ է ունեցել Թեհրանում

ՀՀ իշխանությունը մտել է աշխարհաքաղաքական բախումների դաշտ․ Աբրահամյանը ելույթ է ունեցել Թեհրանում

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Թեհրանում մասնակցում է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովին, որի թեման է՝ «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության և ինքնիշխանության պահպանման համար», որը կազմակերպվել է ՀՈւՍԿ հաստատության կողմից (Թեհրանի Հայ Դատի հանձնախումբ)․

«Թեմայի շրջանակներում ծավալուն անդրադարձել եմ տարածաշրջանային խնդիրներին, դրանում աշխարհաքաղաքական դիմակայությանն ու հնարավոր սցենարային զարգացումներին»,- գրել է պատգամավորը։

Աբրահամյանը նշում է՝ անհնար է թերագնահատել կամ շրջանցել տարածաշրջանային երկրների, մասնավորապես Իրանի դերն այս զարգացումներում, մանավանդ, որ մի քանի կարևոր ուղղություններում երկկողմ շահերը համընկնում են և կարող են ծառայել ընդհանուր նպատակներին․

«Մյուս կողմից, խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունը շարժվում է ոչ թե պրագմատիկ կամ չոր հաշվարկով, այլ մտել է աշխարհաքաղաքական բախումների դաշտ, որտեղ դեռ պարզ չէ, թե ով կշահի, բայց միանշանակ է, որ Հայաստանը կկորցնի:

Չեմ կարող նաև չարձանագրել, որ Հայաստան-Ադրբեջան նոր բախումը կարող է անկայունություն և ցնցումներ մտցնել Մեծ տարածաշրջանում:

Դեռևս հնարավորություն կա հնարավոր բախումը կանխելու համար, բայց դա կապված է մեծ թվով գործոններից, որոնց ապահովումը տարբեր պատճառներով բարդ կլինի»,- նշել է նա: