Արցախ վերադառնալու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը իրատեսական է համարում արցախահայության վերադարձը, ավելին՝ կարծում է, որ այդ մասին չբարձրաձայնելը անթույլատրելի է։ Այս մասին նա հայտարարել է Ազատությանը տված հարցազրույցում։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք իրատեսակա՞ն է համարում, որ հայերի վերադարձը Արցախ հիմա հնարավոր է, Օսկանյանը պատասխանել է․
«Իհարկե, եթե այդպես չհամարեի, չէի ստանձնի, երկրորդը՝ անկախ ամեն ինչից, այս հարցը չբարձրացնել, չխոսելը, նույնիսկ ծայրահեղության գնամ, ասեմ՝ հանցագործություն կլինի։ Այս վերքը դեռ թարմ է, մեր հայրենակիցներն իսկապես էթնիկ զտմամբ ու սպառնալիքներով վռդնվել են ուղղակի, իրենց տներն են թողել, գերեզմանները, ունեցվածքը։ Մեր ամբողջ հայ ժողովրդի պատմական ժառանգության մի մասն է այնտեղ, և չխոսել դրանց վերադարձի մասին, այդ պահանջատիրությունը չունենալ, ես կարծում եմ, որ իսկապես մեղսունակություն է և՛ քաղաքական տեսակետից, և՛ իրավական, և՛ բարոյական տեսակետից, և՛ հայ ժողովրդի հպարտության տեսակետից»։
Օսկանյանն ասում է, որ բոլոր առումներով այս հարցը պետք է այսօր բարձրացնել, հետապնդել, որովհետև դա նաև ռեալ խնդիր է։
«Դրա մասին ոչ միայն մենք ենք խոսում, աշխարհն է խոսում, կա միջազգային դատարանի որոշում, Միացյալ Նահանգներն արտահայտվել է, որ պետք է վերադառնան, Եվրոպան է ասել, Ռուսաստանն է ասում, նույն ինքը՝ Ադրբեջանն է ասում, որ իրավունք ունեն գալու, չէ՞, բայց իր ընկալումը մի քիչ այլ է. միջազգային հանրությանը մի քիչ ավելին է, քան Ադրբեջանինն է։ Իսկ մեր դրած խնդիրը այդ երկուսից էլ մի քիչ ավելին է, որովհետև եթե այդ երկուսի պայմաններով այսօր արցախահայությունը վերադառնա, չէին թողնի գային էլի, որովհետև նոր բան չի առաջարկվում, այնպես որ նրանց վերադարձի համար մի քիչ ավելին է պետք, քան այն, ինչը որ կա։ Այնպես չէ, որ զրոյից ենք սկսում, վերադարձի իրավունքը կա, դիվանագիտական ճիշտ միջոցներով մենք կկարողանանք մի փոքր ավելին ստանալ, որպեսզի արցախահայությունն իսկապես ինքնավստահ զգա, որ այնտեղ իրենց գոյությունը, անվտանգությունը, ինքնության բախման խնդիրները իսկապես կարգավորված և երաշխավորված են»,-նշել է նախկին պաշտոնյան։
Օսկանյանը դրա ռեալ հնարավորությունը տեսնում է։
«Եթե հավանականության ինչ-որ մի սանդղակ դնեն, եթե Հայաստանի իշխանությունները այն, ինչը ես ձևակերպեցի, իրենց վրա վերցնեն և հետապնդեն, դրա հավանականությունը շատ մեծ կլինի, 60-70 տոկոս։ Առանց Հայաստանի իշխանությունների աջակցության, իհարկե, այդ տոկոսը շատ ավելի նվազ է՝ 50-ից ներքև է, բայց չէի ասի, որ զրո է, նույնիսկ եթե 10 է, իսկ ես կարծում եմ, որ ավելին է, ուրեմն այդ հարցը պետք է հետապնդել»,-ասել է նա։
Վարդան Օսկանյանը վերջում հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները ինչ-որ պահի կզգան, որ այս հարցի բարձրացումը ոչ միայն մեր իրավունքներից է բխում, այլ նաև դիվանագիտական պահանջ է, խաղաղության պահանջն է։