12 Հլս
2024
27.1° c ԵՐԵՎԱՆ
20.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հային կացնահարողին հերոսի կոչում տալն ու Զեյնալլիին հերոսացնելը Ադրբեջանի քաղաքականության տրամաբանական շարունակությունն է. ադրբեջանագետ

Հային կացնահարողին հերոսի կոչում տալն ու Զեյնալլիին հերոսացնելը Ադրբեջանի քաղաքականության տրամաբանական շարունակությունն է. ադրբեջանագետ

Ադրբեջանում մեծանում է սերունդ, որ ատում է թշնամուն, այսինքն՝ մեզ։ ABC media-ի հետ զրույցում ասել է ադրբեջանագետ Արամ Փոլադյանը։

«Նրանք հային կացնահարած մարդուն ազգային հերոսի կոչում են տալիս։ Քամիլ Զեյնալլին ազատ արձակելն ու հերոսաբար ընդունելը հայատյաց քաղաքականության տրամաբանական շարունակությունն է։ Ալիևը հայտարարում է, որ հպարտանում է իր երկրում մեծացող՝ թշնամուն ատող սերնդով։ Այս հերոսացման շարունակությունը կարող եմ ասել՝ ինչ կլինի։ Նրանք բլոգեր կոչվածին ուղեկցելու են համալսարաններ՝ դասախոսություններ կարդալու, երիտասարդների հետ հանդիպումներ են կազմակերպելու՝ այդպիսով ձևավորելով «հերոսի» ևս մեկ կերպար»,- նշել է ադրբեջանագետը։

Նրանց համար այդ հերոսը սիմվոլ է հային գլխատելու, ընդհանրապես մարդուն գլխատելու՝ ընդգծում է Փոլադյանը։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ՝ փետրվարի 20-ին, ՌԴ-ում ձերբակալել են ադրբեջանցի բլոգեր, մարզիչ Քամիլ Զեյնալլին։ Ըստ Մոսկվայի՝ Զեյնալլին ձերբակալվել է Հայաստանի դիմումի համաձայն։

Միջադեպից ժամեր անց Ադրբեջանի ջանքերով մարդասպանության մեղադրանքով բլոգերը ազատ է արձակվել ու ուղարկվել Բաքու։ Այնտեղ հային գլխատած մարդասպանին հերոսի պես են դիմավորել։

Քամիլ Զեյնալլին ձերբակալելուց, ազատ արձակելուց հետո միայն ՀՀ Դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով.

«Հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն ՀՀ-ին հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ միասին, ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն»։