Փաշինյանի հետ չեմ հաշտվել, շարունակելու եմ լինել ընդդիմադիր. Մուրադ Փափազյան
Փետրվարի 21-ին Ֆրանսիայում նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ հանդիպել են Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը:
ABC Media-ի հետ զրույցում Մուրադ Փափազյանը հանդիպման մասին մանրամասներ հայտնեց` նշելով, որ Փաշինյանի հետ ուղիղ շփում չի ունեցել և չի հաշտվել։
«Զրույցի ավարտին նախագահ Մակրոնը մի կողմ էր առանձնացել Հայաստանի վարչապետի հետ, ինչից հետո ինձ տեղեկացրեց, որ Հայաստան վերադառնալու իմ իրավունքը վերականգնելու որոշումը ԱԱԾ-ն չի բողոքարկի։ Ես Նիկոլ Փաշինյանի հետ չեմ հաշտվել, ու շարունակում եմ մնալ ընդդիմադիր»,-ասաց Փափազյանը:
Հիշեցնենք, որ Մուրադ Փափազյանի ու սփյուռքահայ մի շարք այլ գործիչներ հայտնվել էին Հայաստանի համար անցանկալի անձանց ցուցակում և նրանց մուտքը երկիր արգելվել էր։ Մուրադ Փափազյանն ու Մասիս Աբրահամյանը բողոքարկել էին այս որոշումը, և դատարանը արգելքը վերացնելու որոշում էր կայացրել։
Մուրադ Փափազյանը ABC media-ին տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում մյուս գործիչների մուտքի արգելքը վերացնելու հարցը չի քննարկվել։
Մարկոնի հետ հանդիպման մասին հաղորդագրություն էր տարածել նաև ՀՅԴ Բյուրոն։