Հայաստանը ցեղասպանության հանցագործության կանխարգելման բանաձևի խմբագրված տարբերակ կներկայացնի ՄԱԿ-ին։ Ժնևում`ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում, այս հայտարարությունն արել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք կարծում ենք, որ Մարդու իրավունքների խորհուրդը պետք է շարունակի հակազդել նման հանցագործություններին, այդ թվում՝ զարգացնելով վաղ արձագանքման մեխանիզմները»,- ասել է նա։
Նախարարը հիշեցրել է, որ մեկ տարի առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ելույթ ունենալով նույն ամբիոնից, նախազգուշացրել էր մարդու իրավունքների նկատմամբ աճող հասարակական անտարբերության մասին և կոչ էր արել կանգնել պատմության ճիշտ կողմում։
«Աշխարհը վտանգավոր վայր է դառնում, երբ մարդու իրավունքների հանդեպ նվիրվածությունը թուլանում է, իսկ միջազգային իրավունքը զանգվածաբար անտեսվում է»,-հավելել է Միրզոյանը:
Արարատ Միրզոյանը տարածաշրջանային վերջին զարգացումները քննարկել է Վոլկեր Տյուրկի հետ
Նա նշել է, որ այս օրերին Հայաստանը հիշում է Սումգայիթի ջարդերը, որոնց հաջորդեց Բաքվից, Կիրովաբադից և Ադրբեջանական ԽՍՀ–ի այլ քաղաքներից շուրջ 360 հազար հայերի վտարումը, և կրկին հիշեցրեց Ղարաբաղում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները (Ադրբեջանի կողմից), այդ թվում՝ ռազմական ագրեսիան և էթնիկ զտումները:
Միրզոյանն ընդգծեց, որ միջազգային հանրությանը պակասում էր գործելու վճռականությունը՝ չնայած վերահաս ագրեսիայի մասին ակնհայտ նախազգուշացումներին։ Նա մտահոգություն հայտնել է Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման սպառնալիքի և Ադրբեջանի կողմից նոր տարածքային նկրտումների կապակցությամբ:
Միաժամանակ նա շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու ջանքերին, ինչն արտահայտվում է սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման նախաձեռնություններով։