ABCMEDIA
Սոցհարթակների խափանումները լուրջ սթրեսների պատճառ են դառնում. Արթուր Պապյան

Սոցհարթակների խափանումները լուրջ սթրեսների պատճառ են դառնում. Արթուր Պապյան

Սոցցանցերում առաջացած խնդիրները անվտանգային մի քանի խնդիրներ են առաջացնում։ Հիմնականում մեծ խնդիրներ են առաջանում այն մարդկանց համար, որոնք սոցցանցերով բիզնես ծրագրեր են իրականացնում։ ABC media-ի հետ զրույցում ասել է «Կիբեռհաբ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Պապյանը։

«Սոցցանցերի` իրենց բիզնես-նախագծերում մեծ ներդրումներ կատարած մարդկանց համար այս խափանւոմները զգալի վնաս են հասցնում։ 1 րոպեում վնասի չափը կարող է հատել մի քանի միլիոն դոլարը։ Բացի ֆինանսական վնասից՝ մարդիկ նաև հոգեբանական մեծ սթրես են ապրել․ օրինակ՝ երեկ օգտատերերից մեկը, որ Հայաստանում չի ապրում ու տարեց ծնողի հետ կապը պահում է «Facebook»-ով, ընդամենը մեկ ժամ չխոսելը մտահոգության լուրջ առիթ էր ստեղծել։ Պատկերացնու՞մ եք մի քանի ժամ, մի քանի շաբաթ շարունակվեր այդ խափանումը։ Եթե մի երեք տարի առաջ «Meta»-ն, խոշոր մյուս ցանցերը մեր կյանքին այսքան չէին առնչվում, հիմա հակառակն է»,- ասել է Պապյանը։

Ներկայումս սոցհարթակում միայն բիզնես նախագծերը, հարազատների հետ առօրյա կապը չէ, որ իրականացվում է։ Բժիշկները հիվանդների ախտորոշումը առցանց են տալիս, ուսուցիչները երեխաների գնահատականը, տնային առաջադրանքները, դասերը ևս առցանց համակարգերում են ներբեռնում։ Նման խափանումները վտանգավոր են, բայց չգիտակցված քայլերը ավելի վտանգավոր են։

«Մարդիկ պետք է հստակ հասկանան, որ խուճապի մատնվելով, սոցկայքերի գաղտնաբառը մի քանի անգամ գրել, ջնջել, փոխելով իրավիճակը չի փոխվի։ Պետք է ստուգել կցված էլեկտրոնային հասցեին, հեռախոսահամարին ուղարկված հաղորդագրություն կա՞, թե՝ ոչ։ Եթե այդ հարթակում ամեն ինչ կարգին է, պետք է լրատվական հարթակում այդ խափանումների մասին լուր փնտրել։ Կարևոր նախապայմանը չպետք է մոռանալ․ խուճապի մի մատնվեք»,- ընդգծել է մասնագետը։

Հիշեցնենք՝ X (Twitter), YouTube, Google ծառայությունները, TikTok, Facebook, Instagram և այլ խոշոր կայքերն ամբողջ աշխարհում խափանվել էին։

Facebook-ն ու Instagram-ը միանգամից անհասանելի են դարձել օգտատերերի համար։

Ծառայությունների խափանման վերաբերյալ ամենաշատ բողոքները նկատվել են ԱՄՆ-ում։

Խափանումից ժխմեր անց  հայտնի դարձավ՝ Կարմիր ծովում կտրվել են գլոբալ ինտերնետի մալուխները։

Հութիները 25 տոկոսով խզել են կապը Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի միջև։