27 Հլս
2024
22.3° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կիպրոսը Երևանում դեսպանատուն կբացի. Կիպրոսի արտգործնախարար

Կիպրոսը Երևանում դեսպանատուն կբացի. Կիպրոսի արտգործնախարար

Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսին:

 

Կոնստանտինոս Կոմբոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ: Մենք արդեն քննարկել ենք Ձեր նշած բաղադրիչներից շատերը, մասնավորապես, թե ինչպես խորացնել մեր հարաբերությունները: Տեղեկացնեմ, որ այդ նպատակով առաջիկա մեկ տարվա ընթացքում կբացենք դեսպանատուն Երևանում։ Նաև իմ գործընկերոջ հետ քննարկել ենք բիզնես ֆորումի հարցը, փորձելով դրա շրջանակում առավել կոնկրետ արդյունքներ գրանցել, այդ թվում՝ այն ոլորտներում, որտեղ արդեն լավ համագործակցություն ունենք՝ պաշտպանական ոլորտ, տուրիզմ, կրթություն, ուշադրություն կդարձնենք նաև այս ոլորտներին։

 

Գտնում եմ, որ մեր հարաբերությունները չափազանց կարևոր են պատմական պատճառներով, բայց նաև կան բավական հեռանկարներ՝ դրանք էլ ավելի բարելավելու տնտեսական արդյունքներ գրանցելու միջոցով։ Ինչ վերաբերում է եռակողմ ֆորմատին, ապա մենք հանձնառու ենք: Այս ֆորմատը հավասարապես կարևոր է բոլորի համար, կարող եք վստահ լինել, որ մենք շատ մեծ նշանակություն ենք տալիս մեր հարաբերություններին: Մենք գնահատում ենք Կիպրոսի հարցում ձեր ավանդական սկզբունքային դիրքորոշումը»։

 

Դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման նպատակով զրուցակիցները կարևորել են դիվանագիտական ներկայացուցչությունների փոխադարձ բացումը մայրաքաղաքներում: