ABCMEDIA
Չեմ ուզում, բայց արդեն ժամանակն է հեռանալ սպորտից․ Հռիփսիմե Խուրշուդյան

Չեմ ուզում, բայց արդեն ժամանակն է հեռանալ սպորտից․ Հռիփսիմե Խուրշուդյան

ABC ինտերվյուն հյուրընկալել է ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանին։ Ծանրորդուհին ենթադրում է, որ 2024 թ․ Եվրոպայի առաջնությունը հավանաբար իր մարզական կարիերայի վերջին մրցաշարը կլինի։ Հռիփսիմեն խոստովանում է, որ նորից էր վերադարձել ծանրամարտ, որպեսզի ապացուցի` տարիներ առաջ տեղի ունեցած դոպինգ սկանդալն իրական հիմքեր չունի և իր հաղթանակները միայն բնածին ընդունակությունների, աշխատասիրության և ծանրամարտի նկամամբ իր հիվանդագին սիրո արդյունք են։

-Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել ծանրամարտով, ո՞վ Ձեզ ծանոթացրեց այդ սպորտաձևի հետ:

– Ծանրամարտի հետ ինձ ծանոթացրել է իմ փոքր քույրը: Նա առաջինը սկսեց հաճախել ծանրամարտի և բոլորից թաքուն ինձ էլ բերեց ծանրամարտի դահլիճ։ Քույրիկս ինձ բերեց, սակայն ինքը հետո դուրս եկավ։ Ծանրամարտի դասերի սկսել եմ հաճախել 1999 թ․-ից, և մինչ օրս զբաղվում եմ այդ սպորտաձևով: Ինձ մոտ հիվանդագին սեր է այդ սպորտի հանդեպ։

-Իսկ ե՞րբ հասկացաք, որ Ձեզ մոտ ստացվում է և պետք է շարունակեք զբաղվել ծանրամարտով։

– 3 տարի մարզվել եմ, գնացել միջազգային մրցումների՝ նույնիսկ մեդալով վերադ

արձել, բայց դեռ այնպես չէի սիրում, ինչպես հիմա։ Հետո կամաց-կամաց զգացի, որ առանց այս սպորտի չեմ կարող ապրել, ու սկսեցի խորանալ սպորտաձևի մեջ։

-Իսկ Ձեր ընտանիքում, ընկերական միջավայրում ինչպե՞ս ընդունեցին Ձեր՝ ծանրամարտով զբաղվելու որոշումը:

– Բացասական ընդունեցին: Բոլորն ասում էին, որ դա աղջկա սպորտաձև չի, ուրիշ սպորտ ընտրի, երաժշտական դպրոց գնա, մեկ ուրիշ մասնագիտություն ընտրի։ Կարծում եմ, որ բոլորը դեմ էին, ես ավելի շատ էի ուզում հակառակն անել, ապացուցել, որ աղջիկը, կինը կարող է այնպիսի բան անել, ինչը տղամարդն է անում։

-Հռիփսիմե ո՞վ է Ձեր ծանրամարտի առաջին մարզիչը։

– Իմ առաջին մարզիչը Սարմեն Եսայանն էր: Նա 2004 թ․ մահացավ, և ես սկսեցի մարզվել Արման Ղազարյանի մոտ։

-Հիմքը Սարմեն Եսայանն է դրել։

– Հայաստանում ծանրամարտով զբաղվող աղջիկների առաջին մարզիչը ինքն է եղել, իսկ առաջին մարզիկը՝ ես։ Կարելի է ասել կանանց այս սպորտաձևը մեզանով է սկսվել։

-Ծանրամարտով զբաղվելը հետևանքներ թողնու՞մ է կնոջ օրգանիզմի վրա: Որոնք էին այն դժվարությունները, որոնց հանդիպել եք Ձեր ճանապարհին։ 

– Դժվարություններ բոլոր սպորտաձևերում էլ կան, բայց ամենաշատն անհանգստանում էի, որ կարող է ամուսնանամ և բալիկներ չունենամ այդ ծանրությունը բարձրացնելուց հետո: Այս դեպքում էլ նորից ապացուցեցի, որ այդպես չէ: Հնարավոր է՝ որոշ դեպքերում դա գեներով է գալիս, որ չեն կարողանում բալիկ ունենալ. ծանրամարտի հետ դա կապ չունի։ Գյուղի կանանց կաթ-մածունի տոպրակներն ավելի ծանր են, քան մեր ծանրաձողը (ծիծաղում է)։ Ճիշտ եմ ասում. մի անգամ փորձում էի ծանոթ կնոջ օգնել՝ այնքան ծանր էր՝ բարձրացնելիս «վայ մամա ջան» բացականչեցի: Տիկինը զարմացավ, հարցնում էր, քո բարձրացրած ծանրաձողը ծանր չի։ Ասում եմ` իրոք ծանր չի, հալալ է քեզ, որ դու կարողանում ես տանել այդ ծանրությունը։ Այնպես որ, դժվարություններ բոլոր տեղերում կան, պետք է ուղղակի կարողանալ դրանք հաղթահարել։

-Որքան գիտեմ, մրցումներից հետո ցավեր այնուամենայնիվ լինում են, ինչպե՞ս եք հաղթահարում այդ շրջանը։

– Եվ´ մրցումներից առաջ, և´դրանցից հետո ցավեր են լինում։ Մրցումներից առաջ միշտ գնում եմ վերականգնողական բուժումների, մրցումներից հետո գալիս եմ, նորից բուժումների եմ գնում: Իմ մեջ ուժ գտնելով` կարողանում եմ վնասվածքներս բուժել, և վերադառնալ նորից մեր մարզումներին։

-Իսկ տանը խնդիրներ չե՞ն լինում, Ձեր ամուսինը չի՞ հորդորում դադար տալ։

– Միայն վերջին մրցման ժամանակ էր հարցնում՝ վերջինն է չէ՞: Ուզում էր վերջին մրցաշարը լինի, որովհետև տեսնում էր, թե ինչքան եմ տանջվում, որքան վնասվածքներ ունեմ, որոնք մի կողմ եմ դնում, ու գնում մարզումների։ Միասին, իմ վնասվածքները հաղթահարելով, գնացինք, այս մրցումները հաղթեցինք և հետ վերադարձանք։

Բոլորը շատ տպավորված և հուզված էին Ձեր վերջին ելույթից: Հատկապես հուզել էր ծանրաձողին հրաժեշտ տալու տեսարանը։ Իսկապե՞ս որոշել եք, որ այլևս չեք զբաղվելու այդ սպորտաձևով:

– Իմ ամենացավոտ տեղն է… չեմ ուզում, բայց արդեն ժամանակն է հեռանալ սպորտից: Շատ-շատ էին վնասվածքներս, եթե այդքան շատ չլինեին, երևի մինչև 90 տարեկան կզբաղվեի այս սպորտաձևով (ժպտում է)։ Հոգեբանորեն շատ դժվար էր, այս խաղերն իմ մասնակցությամբ Եվրոպայի վերջին խաղերն էին…աշխարհի առաջնության խաղերը դեկտեմբերին են լինելու, եթե կարողանամ հասցնել՝ կմասնակցեմ, եթե ոչ՝ իրոք վերջ սպորտին:

– Ե՞րբ եք առաջին անգամ Հայաստանից դուրս մասնակցել սպորտային մրցաշարերի։

– 1999 թ.-ից սկսել եմ զբաղվել մարզաձևով, իսկ 2001 թ. արդեն միջազգային մրցահարթակ եմ բարձրացել և մեդալով վերադարձել։

-Իսկ այդ մրցաշարը որտե՞ղ էր անցկացվում։

– Եվրոպայի պատանիների առաջնությունն էր՝ Ավստրիայում էր անկացվում։ Սկզբում ինձ նույնիսկ չէին ուզում տանել, որովհետև կասկածում էին: Մտածում էին`աղջիկ է, ուր տանենք ծանրամարտի Եվրոպայի խաղերին: Եվ որտեղ է գրված, որ Հայաստանի թիմում պետք է աղջիկներ լինեն։ Ծանրամարտի ֆեդերացիայի քարտուղար Փաշիկ Ալավերդյանը միջամտեց, ասաց խոստանում եմ, որ Հռիփսիմեն մեդալ կբերի, եթե չբերի, ես աշխատանքից դուրս կգամ։ Այնպես որ, պատասխանատվությունը շատ մեծ էր, և ես մեդալով վերադարձա, ինքն էլ շարունակեց աշխատել։

-Իսկ այս վերջին մրցաշարի ժամանակ հույսեր կապում էին Ձեզ հետ, լիահու՞յս էին, որ մեդալով կվերադառնաք։

– Մրցումներից 15 օր առաջ լուրջ վնասվածք ստացա, ճողվածքներս գլուխ էին բարձրացրել, ներվի բորբոքում ու մկանի լավ լարում էր մոտս, ընդհանրապես չէի կարողանում մարզվել։ 10 օրվա ընթացքում եմ հասել այդ արդյունքին։ Իրենց ասացի, որ գնում եմ պարզապես ման գալու, հանկարծ մեդալի չսպասեն, որովհետև հիմա ի վիճակի չեմ լավ արդյունքներ գրանցել։ Ասացի` եթե լուրջ սպասելիքներ ունեք, ավելի լավ է չգնամ, այլ տանը մնամ։ Ամուսինս ու հավաքականի գլխավոր մարզիչն ասացին` մենք հավատում ենք Հռիփսիմե Խուրշուդյանին, եթե դու առաջվանն ես՝ պայքարող, ձգտող, հաստատ կանես դա։ Դե ես էլ… ինձ միայն ոգևորել է պետք և քաշվել մի կողմ, մնացածը ես կանեմ։

-Հռիփսիմե, տարիներ առաջ Ձեզ ինչ-ինչ պատճառներով որակազրկեցին, ինչպե՞ս հաղթահարեցիք այդ ամենն ու տարիներ անց կրկին ծանրամարտ վերադառնալու ուժ գտաք:

– 2016 թ․-ին հայտնեցին այդ լուրը։ Ես երրորդ օլիմպիական խաղերին պետք է մասնակցեի, ու մեդալի հետևից էի գնում։ Հայտնեցին, որ ինձ որակազրկել են: Ապշեցի, որովհետև 8 տարի շարունակ մասնակցում էի և հանկարծ ինձ ասում են` որակազրկված ես այս, այս պրեպարատներն ընդունելու համար։ Դա աբսուրդ էր, իհարկե․․․ 100-ից ավել իմ նման բարձրակարգ մարզիկների այդ տարի որակազրկեցին, և թույլ չտվեցին մասնակցել։ Իհարկե, շատ ցավոտ էր, հոգեբանական սթրես էի ապրում, բոլորն ինձ մոռացել էին: Դա էլ է մեծ հարված մարզիկի համար։ Ինչպե՞ս կարելի է, չէ՞ որ մարզիկը միշտ ուրախացրել է, երկրի դրոշն է բարձրացրել, ու հիմա, արի ու տես, որ այդ ամբողջ աշխատանքը մեկ ժամվա մեջ ջուրն է ընկնում և քո կողքին էլ մարդ չի մնում։ Իմ կողքին այդ ժամանակ կանգնեցին մարզիչս, ամուսինս և իմ ընտանիքը։

-Հետո ինչպե՞ս ապացուցեցիք, որ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում։

– Իմ նվաճած մեդալներով, իմ տարած հաղթանակներով: Մարդը պետք է բնածին տաղանդ լինի, ուժեղ լինի, կապ չունի 6 տարի է դադար տալիս, թե 10 տարի, և եթե վերադառնալու որոշում է կայացնում, խոսք է տալիս՝ ուրեմն մեդալով պետք է վերադառնա և ապացուցի, որ ինքը հենց այն հաղթող մարզիկն է։

-Իսկ դադարը ինչի՞ հետ էր կապված։

-Այդ դոպինգ սկանդալի հետ էր կապված: Թույլ չէին տալիս մինչև 2022 թ․ վերադառնալ ծանրամարտ։  Ժամկետ էր դրված, ու մինչև այն չլրանար, չէի կարող զբաղվել սպորտով։

Իսկ վերադարձի պատճառները որո՞նք էին. ուզում էիք նորի՞ց զբաղվել ծանրամարտով, թե՞ ապացուցել, որ Ձեր հաղթանակներն իսկապես Ձերն են և մեղադրանքներն անհիմն են:

– Առաջին հերթին ապացուցել․․․Ինձ բնորոշ համառությամբ հետ եմ եկել այս սպորտ` ապացուցելու, որ դա ընդհանրապես կապ չուներ մեդալների հետ, ես նորից մեդալ կարող եմ նվաճել, ու 2 տարվա մեջ 3 անգամ մեդալ եմ նվաճել։

-Դուք շատ հուզվեցիք Եվրոպայի ծանրամարտի առաջնության ժամանակ, կարծում եմ դա մյուսներին էլ հուզեց: Այնտեղ գտնվող օտարազգի մարզիկները հարցրեցի՞ն` ինչ է տեղի ունենում։

– Հայտարարեցին, որ Խուրշուդյանը հրաժեշտ է տալիս սպորտին, շնորհակալություն հայտնեցին, որ ես մասնակցել եմ մրցաշարին: Բոլոր մասնակիցները ասում էին` ուզում ենք, որ միշտ այս ոլորտում լինես՝ նույնիսկ մրցավարի կարգում, ուզում ենք լսել Խուրշուդյան ազգանունը․․

Զրուցեց Լենա Գևորգյանը