Իրանում ինչ-որ պահի կարող է փոխվել վերաբերմունքը Հայաստանի հանդեպ․ քաղաքագետ
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անցած հանգստյան օրերին հարցազրույց է տվել արգենտինական հեռուստաընկերություններից մեկին։ Միրզոյանն իր հարցազրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին ու նշել՝ Հայաստանը եվրոպական ձգտում ունի։ Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանն էլ հարցազրույց էր տվել հունական պարբերականներից մեկին։ Փաշինյանը ևս նշել էր, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրներ կան, որոնք անլուծելի են։ Քաղաքագետները իշխանականների այս քաղաքականության կործանարար հետևանքների մասին են ահազանգում․ ասում են այն կործանարար է Հայաստանի համար։
«Իշխանականների այս քաղաքականության վատ հետևանքներից պետք է առանձնացնել մի քանիսը․ քաղաքական, ռազմական և տնտեսական։ Ընդ որում այս բոլորը Հայաստան համար անկառավարելի են, որովհետև ՀՀ-ն հնարավորություն կամ պատրաստակամություն չի ունեցել ժամանակին դիվենֆիկացնելու իր լոգիստիկ ուղղությունները, տնտեսական այս կամ այն ասպեկտները, որոնք կախված են ՌԴ-ից։ Խոսենք էներգետիկ անվտանգության մասին, որը ՀՀ-ի համար չափազանց կարևոր ոլորտ է»,-ABC Media-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Արա Պողոսյանը։
Ըստ մասնագետի, եթե խզվեն ՀՀ-ՌԴ հարաբերությունները, ապա խնդիրներ կառաջանան Հայաստանի էներգետիկ անվտանգության մասով։
«Ռազմական դաշտում ևս ՌԴ-ն ունի մեծ ազդեցություն, ընդհուպ մինչև Ադրբեջանի միջոցով այս կամ այն ռազմական գործողություններ պլանավորելը, կամ գոնե լուռ թողտվությամբ Ադրբեջանին խրախուսելը։ Սրանք հանգամանքներ են, որոնք Հայաստանի համար այս պահին կառավարելի չեն, ընդ որում, կառավարելի չեն լինելու անգամ ԵՄ-Հայաստան հարաբերությունների հաջորդ փուլերում»։
Քաղաքագետի խոսքով, եթե Հայաստանը հույս ունի, որ ներկրումներ կունենանք Իրանի Իսլամական Հանրապետությունից, ապա այստեղ ևս ունենք խնդիրներ։
«Ադրբեջանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ տարածաշրջանում երրորդ երկրները պետք է որոշիչ դեր չունենան։ Իսկ Ռուսաստանում մտածում են, որ Հայաստանի այս քաղաքականությունն ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Բնական է, որ Իրանում ինչ-որ պահի կարող է փոխվել վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, Հայաստանը կարող է ընկալվել որպես արևմուտքի գործիչ»,-եզրափակեց քաղաքագետը՝ նշելով, որ Հայաստանի համար Եվրամիությունն ընդամենը խայծ է։