ABCMEDIA
Կոչ ենք անում ՀՀ-ին և Ադրբեջանին զերծ մնալ ագրեսիվ գործողություններից. Պետդեպարտամենտի խոսնակ

Կոչ ենք անում ՀՀ-ին և Ադրբեջանին զերծ մնալ ագրեսիվ գործողություններից. Պետդեպարտամենտի խոսնակ

Վաշինգտոնը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ սահմանի երկայնքով ագրեսիվ հռետորաբանությունից ու ռազմական գործողություններից:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Խոսնակը նշել է, որ ըստ ԵՄ դիտորդական առաքելության՝ հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է, զորքերի կամ հրետանու արտառոց տեղաշարժեր չկան՝ չնայած ադրբեջանական կողմի հայտարարություններին։

«Մենք կոչ ենք արել և կշարունակենք կոչ անել զերծ մնալ սահմանի երկայնքով սրվող հռետորաբանությունից կամ ռազմական գործողություններից: Մենք հավատարիմ ենք մնում տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության համար պայմաններ ստեղծելուն, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները», – ասել է Միլլերը:

Նա ընդգծել է, որ կայուն խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ նստելն է։ Ըստ խոսնակի՝ ԱՄՆ-ն կշարունակի «ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին հասկացնել, որ էսկալացիան չի բխում որևէ մեկի շահերից»:

Միլլերը խոսել է նաև ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի, Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի կայանալիք հանդիպման մասին։

«Այս հանդիպումը նվիրված է Հայաստանում բարեփոխումներին,
ժողովրդավարությանը, տնտեսությանը և կայունությանը: Խաղաղ գործընթացն այս հանդիպման նպատակը չէ։ Սա հանդիպում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի միջև՝ քննարկելու տնտեսական դիվերսիֆիկացումը, մարդասիրական օգնությունը, փախստականներին աջակցությունը, ինչպես նաև քաղաքական բարեփոխումները Հայաստանում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը», – ասել է Միլլերը: