ABCMEDIA
Ամեն ինչ գնված էր․ Իտալիան ներկայացնող  ըմբիշը հայտարարել է Բաքվի մրցաշարում ադրբեջանցիների կողմից իրեն կաշառք տալու փորձի մասին

Ամեն ինչ գնված էր․ Իտալիան ներկայացնող ըմբիշը հայտարարել է Բաքվի մրցաշարում ադրբեջանցիների կողմից իրեն կաշառք տալու փորձի մասին

Իտալիան ներկայացնող ազատ ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ֆրենկ Չամիզոն հայտարարել է Բաքվում կայացած ընտրական մրցաշարում 300 հազար դոլարով իրեն կաշառելու՝ ադրբեջանցիների առաջարկի մասին։ Այս մասին նա պատմել է La Repubblica պարբերականին։

«Ինձ մոտ եկան և ինձ գումար առաջարկեցին՝ 300 հազար դոլար իմ պարտության դիմաց։ Չեմ ուզում ասել, թե ով, բայց դա տեղի ունեցավ կշռման օրը՝ առավոտյան»,- ասել է մարզիկը։

Չամիզոն ենթադրել է, որ առաջարկված գումարը ստացել է օլիմպիական արտոնագրի համար եզրափակիչ մենամարտի մրցավարը, որը իտալացուց երկու միավոր է հանել, իսկ նրա հաղթանակը «խլել» ու տվել է ադրբեջանցի Թուրան Բայրամովին։

«Ես գիտեի, որ Ադրբեջանում ինձ համար շատ դժվար է լինելու, քանի որ ես մենամարտում եմ նրանց տանը, և նրանք գնել են ամեն ինչ։ Ամբողջ մրցաշարի ընթացքում ադրբեջանցիների մենամարտերումնույն մրցավարն էր»,- հավելել է Չամիզոն։

Ըմբիշի խոսքով՝ ինքը հրաժարվել է կաշառքից, քանի որ մրցաշարում ներկայացրել է ոչ միայն իրեն, այլ նաև «Իտալիան, իր ֆեդերացիան և երկիրը»։ Չամիզոն նաև իր հիասթափությունն է հայտնել սպորտի նկատմամբ անարդար վերաբերմունքի կապակցությամբ և Instagram-ում գրել. «Սա պարզապես կաշառված և կոռումպացված մարդկանց խումբ է, որոնց պատճառով իմ սիրտը տխուր է: Այս սպորտաձևը հիանալի է, բայց ես շատ եմ ցավում, ցավում եմ…»։

Աշխարհի չեմպիոնը օլիմպիական ուղեգիրը նվաճելու ևս մեկ հնարավորություն կունենա։

« Ես դեռ կարող եմ մեկնել Փարիզ, բայց եթե նորից փորձեն (կրկնել դա – խմբ.) Թուրքիայում, ես աղմուկ կբարձրացնեմ»,- եզրափակել է ըմբիշը։

Վերը նշված մրցաշարը տեղի է ունեցել ապրիլի 5-7-ը՝ Բաքվում։