Փաշինյանը գտածո է մեր թշնամիների համար․ Ռուբեն Կարապետյան
Ուղղակի անթույլատրելի է քո տարածքի վրա, պետական ու ազգային շահերի հաշվին, թույլ տալ աշխարհաքաղաքական հակամարտության այսպիսի սրում․ ABC media-ի հետ զրույցում ասել է արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը։
«Իրենք հլուհնազանդ կամակատար են դարձել այն ուժերի, որոնք փորձում են մեր երկրին օգտագործելով իրենց շահերը առաջ քաշել։ Մեր թշնամիների համար գտածո է Փաշինյանը»,- ասել է Կարապետյանը։
Գործող իշխանությունը խոսում է հարատև խաղաղության մասին ու նշում, որ պետք է զիջումների գնալ, որ այդ խաղաղությունը լինի։ Կարապետյանը շեշտում է՝ այդ ճանապարհով խաղաղության չես կարող հասնել։
«Եթե մենք տեսնենք, որ իրենց քայլերում կա հստակ ուղղվածություն, պետական ռազմավարություն, ազգային անվտանգության հստակ ռազմավարությունը։ Բացի այդ՝ օրինակ՝ այս իշխանությունը ինչ-որ ֆիքսել է իր նախընտրական ծրագրերում հատկապես ազգային անվտանգության ռազմավարությունում բոլորը հակառակն է իրականացրել։ Եթե տառաճանաչ քաղաքացին ուսումնասիրի իրենց ծրագրերը ու 10 տոկոսի չափով ճշմարտություն գտնի, ես կասեմ՝ սխալ եմ եղել»,- նշում է Կարապետյանը։
Խոսելով այսօրվա գործողությունների մասին՝ Կարապետյանը հիշեցրել․
«Այս ինչ դուք տեսնում եք, մեր մարմնի իմունային համակարգի առողջ բջիջներն են։ Հարց է՝ այս առոջ բջիջները կհաղթե՞ն։ Այս պայքարը պետականության համար մղվող պայքար է, ոչ թե եկեղեցական։ Եկեղեցին վերցրեց այդ դրոշն ու պատասխանատվությունը՝ որպես հազարամյա համախմբող ու ազգ պահող կառուցն է եղել»։
Հիշեցնենք՝ երեկ Հանրապետության հրապարակում հանրահավաքից հետո Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարժման մասնակիցները երթ էին կազմակերպել։ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանները թույլ չտվեցին քաղաքացիներին՝ շարունակել երթը։ Քաղաքացիներն էլ որոշել են փակել Բաղրամյան պողոտան։ Մինչ այս պահը շարունակում է փակ մնալ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը։