19 Սեպ
2024
17.4° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերմանիայի նախագահը ներողություն է խնդրել լեհ ժողովրդից նացիստների հանցագործությունների համար

Գերմանիայի նախագահը ներողություն է խնդրել լեհ ժողովրդից նացիստների հանցագործությունների համար

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն օգոստոսի 1-ին նշվող Վարշավայի ապստամբության 80-ամյակի նախօրեին լեհերից ներողություն է խնդրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիոնալ-սոցիալիստների գործած հանցագործությունների համար․ տեղեկացնում է Deutsche Welle պարբերականը։

«Ես այսօր և այստեղ ներողություն եմ խնդրում»,- Լեհաստանի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում հարյուրավոր ներկաների, այդ թվում՝  Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի մասնակցությամբ հիշատակի միջոցառման ժամանակ ասել է Շտայնմայերը՝ դիմելով ապստամբության ողջ մնացած անդամներին:

«Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանա, թե ինչ ահռելի տառապանք ենք մենք՝ գերմանացիներս, բերել հարևան երկրին, ինչ դաժանությամբ և կործանման ինչ ցանկությամբ են գործել գերմանական օկուպանտներն ամբողջ բնակչության դեմ»,- ընդգծել է Գերմանիայի նախագահը։

Նա հավելել է, որ նացիոնալ-սոցիալիստական իմպերիալիզմը և ռասիզմը հանգեցրին «սարսափելի հանցագործությունների», որոնց դեմ էին ապստամբության մասնակիցները:

Գերմանիայի նախագահը շեշտել է, որ անցյալից պետք է դաս քաղել ապագայի համար:

«Վարշավայի ապստամբությունը երկու երկրների հարաբերությունների պատմության ամենադաժան գլուխներից մեկն էր և դարձավ Լեհաստանի պատմության ամենահերոսական գլուխներից մեկը», – ասել է Շտայնմայերը:

Գերմանացի առաջնորդը  «գրեթե հրաշք» է անվանել այն, որ լեհերն ու գերմանացիները դարձել են լավ հարևաններ։ Ճանապարհը դեպի այս կետը երկար էր, խոստովանել է Շտայնմայերը։ Նա նկատել է, որ այժմ Բեռլինը և Վարշավան պարտավորվել են «գործել ի շահ համերաշխության և խաղաղության»: