
Հս․ Կորեան կիրացնի միջուկային տերության իր կարգավիճակը՝ գլոբալ բարդ անվտանգային իրավիճակին դիմակայելու համար. Կիմ Չեն Ըն
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ երկրի՝ որպես միջուկային պետության կարգավիճակի իրացումը համաշխարհային բարդ և անկանխատեսելի անվտանգային իրավիճակին դիմակայելու միակ միջոցն է․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով պետական KCNA լրատվական գործակալությանը։
«Անհավանական և ցնցող դեպքեր ու իրադարձություններ են տեղի ունենում հեգեմոն ուժերի «գանգստերական» ագահության հետևանքով, ինչն աշխարհում առկա առճակատումներն ավելի դաժան է դարձնում», – իշխող Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի նիստում ասել է Կիմը՝ ԱՄՆ-ին մեղադրելով Եվրոպայում և Մերձավոր Արևելքում արյունահեղությունը սաստկացնելու համար։
Կիմ Չեն Ընը մեղադրել է ԱՄՆ-ին և Հարավային Կորեային Կորեական թերակղզում անվտանգային իրավիճակը սրելու համար՝ նշելով, որ երկու երկրները շարունակաբար կատարելագործում են իրենց համատեղ միջուկային ներուժը, որի միակ նպատակը, նրա խոսքով, Հյուսիսի դեմ հարձակում գործելն է։


