
ԲՀԿ-ն կբողոքարկի մի քանի ընտրատեղամասում արդյունքներն անվավեր ճանաչելու մասին որոշումը
Գաղտագողի կայացված այս խայտառակությունը ԲՀԿ-ին ուղղված հարված էր, որի նպատակը բոլոր հնարավոր միջոցներով ԲՀԿ–ին ԱԺ մտնել թույլ չտալն է․ Facebook-ում գրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը։
Նրա խոսքով՝ անվավեր են ճանաչվել հատկապես այն տեղամասերի արդյունքները, որտեղ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստացել է մեծ թվով քվեներ։
«Սա ընտրողների ձայների գողության ամենացայտուն դրսևորումն է, որը հերթական անգամ ապացուցում է, որ տեղի ունեցող գործընթացը որևէ առնչություն չունի արդար և թափանցիկ ընտրությունների գաղափարի հետ և կասկածի տակ է դնում ընտրության ամբողջ գործընթացի օրինականությունը։
Ընդունված որոշմամբ ամենակոպիտ ձևով ոտնահարվում է քաղաքացիների սահմանադրական իրավունքը՝ ազատորեն արտահայտված կամքը», – գրել է նա։
Տոնոյանը նշել է, որ ԲՀԿ-ն պատրաստվում է արդեն վաղը բողոքարկել ԿԸՀ-ի որոշումը։


