
ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնագիր կկնքեն. կողմերի հայտարարություններն ու միջազգային արձագանքը
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը կստորագրվի հունիսի 19-ին Շվեյցարիայում․ հայտարարել է Պակիստանի վարչապետը։
Ի՞նչ է հայտարարել ԱՄՆ-ն
- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա հունիսի 19-ին։
- ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Պուտինին և Սի Ծինփինին Իրանի հետ հակամարտության կարգավորման գործում ցուցաբերած օգնության համար։
- Թրամփը հայտարարել է «Իրանի ծովային շրջափակման անհապաղ վերացման» մասին և «թույլտվություն է տվել» Հորմուզի նեղուցով ազատ անցման համար։ Նեղուցը կբացվի «ականազերծման համար» հունիսի 19-ին համաձայնագրի ստորագրումից հետո։
- Եթե Իրանի հետ վերջնական համաձայնագրի դեռևս չհասնեն, ԱՄՆ-ն կա՛մ կվերսկսի ռազմական գործողությունները, կա՛մ կստանձնի «Մերձավոր Արևելքի պահապանի» դերը՝ տարածաշրջանի եկամուտների 20%-ի դիմաց։
- ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Նեթանյահուն գոհ է Միացյալ Նահանգների և Իրանի միջև կնքվելիք համաձայնագրի պայմաններից։
Իրանական կողմի հայտարարությունները
- Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ «փոխըմբռնման հուշագրի տեքստը վերջնականապես պատրաստ է, և պաշտոնական ստորագրումը տեղի կունենա ուրբաթ Շվեյցարիայում»։
- «Մեհր» լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը լիովին կբացվի համաձայնագրի ստորագրումից հետո 30 օրվա ընթացքում։\
- Ղարիբաբադիի խոսքով՝ 60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը կքննարկեն այնպիսի հարցեր, ինչպիսին են Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, նրա միջուկային ծրագիրը, երկրի վերակառուցումը և տնտեսական զարգացումը։
- «Մեհր»-ի հաղորդմամբ՝ Իրանը վնասի արժեքը գնահատել է 300 միլիարդ դոլար, և Միացյալ Նահանգներից ու նրա դաշնակիցներից սպասվում է վերակառուցման ծրագիր ներկայացնել։
Միջազգային արձագանք
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է գործարքը։ Անտոնիու Գուտերեշը վերահաստատել է ՄԱԿ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու կողմերին կայուն և համապարփակ խաղաղության հասնելու գործում։
Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան, ողջունելով համաձայնագիրը, հայտնել են իրենց պատրաստակամությունը վերացնել պատժամիջոցները՝ ի պատասխան Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ «հստակ և ստուգելի գործողությունների»։


