
Թրամփի խոշոր նվիրատուն կղեկավարի 201 մլն դոլարանոց հիմնադրամը, որը ներդրումներ կկատարի նաև Հայաստանում․ The Guardian
Չիկագոյում ծնված ռուսաստանցի ներդրող Կոնստանտին Սոկոլովը նշանակվել է ԱՄՆ Պետքարտուղարության նոր ձեռնարկատիրական հիմնադրամի նախագահ, որը կվերահսկի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի համար նախատեսված 201 միլիոն դոլարի ներդրումները։ Այդ մասին հայտնում է The Guardian-ը։
Հիմնադրամը նախատեսում է ֆինանսավորել տրանսպորտային, էներգետիկ ենթակառուցվածքների և կարևորագույն հանքանյութերի ոլորտների նախագծեր Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում։
Ըստ պարբերականի՝ Սոկոլովը նախկինում պետական պաշտոն չի զբաղեցրել, սակայն Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում հանրապետականներին և քաղաքական խմբերին նվիրաբերել է ավելի քան 12 միլիոն դոլար, որից 11 միլիոնը՝ նախագահի Super PAC MAGA Inc-ին։
Սոկոլովի հիմնադրած Tripp+ հիմնադրամն անվանվել է «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղու» պատվին․ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի հարավով անցնող 27 մղոնանոց առևտրային միջանցքի մասին է։
The Guardian-ի փոխանցմամբ՝ Սոկոլովը Viva Armenia-ի խոշոր բաժնետեր է, ինչպես նաև ղեկավար պաշտոններ է զբաղեցնում Northern Pillar Energy Consortium-ում։ Միևնույն ժամանակ դեռ պարզ չէ, թե նա անձամբ ինչ օգուտ կարող է ստանալ հիմնադրամի գործունեությունից և արդյոք այդ պաշտոնի համար վարձատրվելու է։
Պետքարտուղարությունից նշել են, որ հիմնադրամը գործելու է թափանցիկության և հաշվետվողականության պահանջներին համապատասխան՝ տարեկան հաշվետվությունների, անկախ աուդիտի և շահերի բախման կանխարգելման մեխանիզմների ներքո։
Պարբերականը նաև հիշեցնում է, որ Թրամփի վարչակազմը վերջին ամիսներին ակտիվացրել է Հայաստանի հետ համագործակցությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո։ Բացի այդ, ԱՄՆ Զարգացման ֆինանսավորման կորպորացիան հայտարարել է Tripp Development Company ստեղծելու ծրագրի մասին, որը նախատեսում է զարգացնել Ադրբեջանը, Նախիջևանը, Հայաստանը և Թուրքիան կապող տրանսպորտային ենթակառուցվածքները։


